Մահացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը

Լոս Անջելեսում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին այսօր կառավարության նիստի սկզբում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեց դեսպանի հիշատակը:

Կարինե Ղազինյանը ծնվել է 1955թ. հունվարի 8-ին Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:

Աշխատել է Մոզամբիկի, Պորտուգալիայի ԽՍՀՄ դեսպանությունում: Երևանի պետական համալսարանում իրավագիտության և բանասիրության ֆակուլտետների անգլերեն լեզվի դասախոս էր:

Որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան աշխատել է Ռումինիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: 2009թ. մարտից մինչև 2011թ. սեպտեմբերի 8-ը եղել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցողը: 2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացները: 2011թ. սեպտեմբերի 8-ից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ռումիներեն, պորտուգալերեն լեզուներին: Այրի է, ունի որդի և դուստր:

Մեկնաբանել