Բանկերը չեն կարողանա վարկավորել աշխարհը

Աշխարհի առաջատար բանկերի կապիտալի պակասուրդը կազմում է 474 մլրդ: Այսպիսի տվյալներ է հրապարակել ամերիկյան The Boston Consulting Group (BCG) վերլուծական-խորհրդատվական ընկերությունը: Ընդ որում, սա բանկերի խնդիրներից մեկն է միայն. նրանց մոտ ապագայում ապագլոբալացում և կոնսոլիդացման նոր ալիք է սպասվում։

BCG-ն ուսումնասիրել է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի 145 բանկ, որոնց բաժին է ընկնում տարածաշրջաններում բանկային ակտիվների 75%-ը: Բանկերը գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից 5 տարի հետո էլ չեն կարողացել վերակառուցել բիզնեսը և այն հարմարեցնել նոր պայմաններին։

Այսպես՝ բանկերի տնտեսական շահույթը (բացառությամբ բոլոր, այդ թվում՝ այլընտրանքային ծախքերի) բացասական է արդեն չորրորդ տարին շարունակ: 2011թ. բանկերի շահույթը կազմել է €89 մլրդ: Գլխավոր պատճառն այն է, որ բանկերի ռիսկերը 75%-ով ավելի թանկ են, քան նախաճգնաժամային շրջանում: Մոտ ապագայում շահույթի վրա ճնշումը կպահպանվի։

Ամբողջ աշխարհում բանկերի կապիտալի պակասուրդը €474 մլրդ է՝ ներկայիս կապիտալի 17%-ը: Ամենից վատթար վիճակում Եվրոպան է, որտեղ բանկերի սեփական խնդիրները սրվում են պարտքային ճգնաժամի պատճառով։ Եվրոպայում բանկերի կապիտալի պակասուրդը €256 մլրդ է։

Բանկերի նկատմամբ ճնշում են գործադրում նաև բաժնետերերը։ Ներդրողների դժգոհության հիմնական պատճառն այն է, որ խոշոր բանկերի բաժնետոմսերի գնանշումները նախաճգնաժամային մակարդակին շարունակում են զիջել 50-80%-ով։

Բանկերը բիզնեսի շահութաբերությունը բարձրացնելու, ինչպես նաև կապիտալի իրացվելիությունն ավելացնելու նպատակով պետք է ակտիվորեն կրճատեն իրենց ակտիվները: Եթե մինչև այժմ նրանք ազատվել են հիմնականում ածանցյալ գործարքներից, ապա ներկայում հարկադրված են լինելու նույնը անել նաև բիզնեսի առանցքային հատվածներում: Սա կարող է հանգեցնել բանկային շուկայի ապագլոբալացման, քանի որ բանկերը հարկադրված կլինեն հրաժարվել բիզնեսից այն երկրներում, որոնցում այն բավարար շահութաբեր չէ կամ առերեսվում է կարգավորիչների խիստ պահանջներին։

Նման պայմաններում բանկերը կշարունակեն կրճատել ծախքերը, ընդ որում՝ շատ ավելի ակտիվ։ Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ բանկային ոլորտի ավելի ու ավելի շատ ընկերություններ կհետևեն UBS-ի օրինակին, որը հոկտեմբերին հայտարարել է 10 հազ. աշխատակցի կրճատման ու բանկի ներդրումային ստորաբաժանումը փակելու մասին։

Ծախքերի կրճատումը կարող է ոլորտում կոնսոլիդացիայի նոր ալիքի հանգեցնել: Սա, իր հերթին, կնպաստի գործառնական ծախսերի, ինչպես նաև ֆինանսավորման ու կապիտալի կրճատման։ Մյուս կողմից՝ արդեն կատարվող փոփոխությունների և սպասվող վերափոխումների արդյունքում բանկերի բիզնես մոդելը կարող է սահմանափակվել միայն կարճաժամկետ վարկավորմամբ ու ակտիվների ճկուն պորտֆելներով: Այդ դեպքում նրանք չեն կարողանա ապահովել համաշխարհային տնտեսությանն անհրաժեշտ երկարաժամկետ ֆինանսավորումը։