Հայաստանում որևէ քաղաքական ուժ չի կարող ինքնուրույն հասնել հաղթանակի. ՀՅԴ

Նախագահական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծված անբարենպաստ մթնոլորտը փոխելու համար Հայ հեղափոխական դաշնակցությունը «Միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» կարգախոսով բաց քննարկում է կազմակերպել  խորհրդարանական, արտախորհրդարանական, հասարակական կամակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին այսօր կուսակցության առաջարկած քաղաքական պլատֆորմի հանրային քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Որևէ քաղաքական ուժ հանրության կողմից չի տիրապետում այնքան վստահության, որ ինքնուրույն հասնի հաղթանակի»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ քննարկման արձագանքներից հետո կստակեցնեն իրենց անելիքները:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ իրենց հրապարակած օրակարգային կետերը կարող են միասնական պլատֆորմի հիմք հանդիսանալ: «Առանց միասնական ընդդիմադիր ճակատի ստեղծման` հնարավոր չէ ակնկալել մրցակցային ընտրություններ»,-ասաց նա:

Քննարկմանը ներկա էին խորհրդարանական և արտախորհրդարանական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ հայտարարություն էր տարածել, որում ներկայացրել էր առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության 7 պայմաններն ու առաջնահերթությունները: Վերջիններիս շուրջ կուսակցությունը խոստացել էր նախաձեռնել քննարկումներ քաղաքական և հասարակական տարբեր խմբերի հետ։