Շարմազանովը ԲՀԿ-ի հայտարարությունը «ամոթ» է որակում

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երեկ տարածած հաղորդագրությունը որակելով «ամոթ»: ԲՀԿ հաղորդագրության համաձայն՝ ԲՀԿ նախագահը սուր քննադատության է ենթարկել իշխանությանը` նշելով, որ «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, երբ հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: 

Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Շարմազանովն ասել է. «Նման  բովանդակության հաղորդագրությունը ես որակում եմ ամոթ, ուղղակի ամոթ է նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածելն ու դրա առկայությունը: Հստակ երևում է, որ դա ներքին լսարանի համար պատրաստված թատերական ներկայացում է, բայց պետք է նշեմ, որ այդ թատերական ներկայացման առաջին հարվածը հենց ԲՀԿ-ի և նրա ղեկավարի վրա է ընկնում, որովհետև ամեն ինչ չէ, որ կարելի է ասել և ամեն ինչ չէ, որ արդարացված է»:

«Մենք չենք ասում, չէ՞, որ եվրոպացի շատ պատգամավորներ ԲՀԿ-ն համարում են արհեստական ուժ, մենք չենք ասում, որ եվրոպացի շատ պատգամավորներ, ում հետ հանդիպել է ԲՀԿ ղեկավարը նրա միջազգային քաղաքական գիտելիքները համարում են թույլ, մենք չենք ասում չէ՞, որ ԲՀԿ-ն, ըստ Եվրոպայում առկա կարծիքի՝ հասել է որոշակի հաջողության պոպուլիստական քաղաքականության արդյունքում, մենք չենք ասում չէ՞, որ ըստ մեր եվրոպացի գործընկերների՝ ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարություն չկա, մենք չենք ասում չէ՞, որ հաշվի առնլով այս հանգամանքը, որոշ եվրոպացի գործընկերներ չեղյալ են հայտարարել ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումները, մենք չենք ասում չէ՞, որ ի վերջո, եվրոպական կառույցների միջանցքներում կազմակերպել են փոքրիկ թատերական ներկայացումներ, սրտաճմլիկ ներկայացումներ հայ որոշ երիտասարդների մասնակցությամբ: Մենք շատ բան չենք ասում, և միշտ չէ, որ ասելը օգուտ է»,- ասել է Շարմազանովը:

Դիտարկմանը, թե դատելով հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումներից, կարելի է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանն այլևս բացառում է Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Այդ հարցն ուղղեք Գագիկ Ծառուկյանին և նրա կուսակցությանը, բայց այնպես էլ չէ, որ ով սատարի կամ սատարեր Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ն պետք է գրկաբաց ընդունի: ՀՀԿ-ն իրականացնում է իր քաղաքականությունը իր նախագահի գլխավորությամբ և այսօր ՀՀԿ նախագահը և ապագա նախագահի թեկնածու գործող նախագահը մրցակցությունից դուրս է»: