Մխիթարյանը, Վիլիանը և Տեյշեյրան հիանալի ֆուտբոլիստներ են. Ալեսիո

«Յուվենտուսի» գլխավոր մարզչի օգնական Անջելո Ալեսիոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Շախտյորի» հետ (1:0) հանդիպումից հետո մեկնաբանել է խաղի արդյունքը:

«Մենք շատ ուրախ ենք հաղթանակի համար, քանի որ փլեյ-օֆֆ դուրս եկանք առաջին տեղով: Սա շատ կարևոր և բարդ խաղ էր: Մենք լավ էինք պատկերացնում «Շախտյորի» ուժը, ուստի գիտեինք, որ պետք է շատ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրենք: Եվ դա մեզ հաջողվեց: Առաջին հերթին անհրաժեշտ էր մրցակցի հարձակվողներին զրկել ազատ տարածություններից: Վիլիանը, Ալեքս Տեյշեյրան և Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստներ են, սակայն «Շախտյորը» մեծապես կախված է իր առաջատարների անհատական որակներից: Ուստի պետք է ուշադիր լինես նրանց նկատմամբ, եթե ցանկանում ես հաղթել:

Հուսով եմ` 1/8 եզրափակչում չենք ընկնի «Ռեալի» հետ: Մյուս թիմերը գրեթե նույն մակարդակի են: «Չելսիին» 3:0 հաշվով հաղթելուց հետո հասկացանք, որ կարող ենք շատ բանի հասնել Եվրոպայում: Այդ վստահությունը կարևոր դեր խաղաց նաև այս հաղթանակում», – Ալեսիոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել