Վենեսուելան վերացրել է վիզաները պաղեստինցիների համար

Վենեսուելան դարձել է Պաղեստինի քաղաքացիների համար մուտքի վիզաները չեղյալ հայտարարած առաջին երկիրը, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան արտգործնախարարությունը։

Համաքաղաքացիական և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար այցագրային ընթացակարգերից հրաժարվելու մասին համաձայնագիրը մեկն է տասնյակ համատեղ փաստաթղթերից, որ ստորագրվել են Կարակասում Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ Մալիքի և նրա վենեսուելացի պաշտոնակից Նիկոլաս Մադուրոյի միջև բանակցությունների արդյունքներով։

«Վենեսուելան պաղեստինցիներին թույլատրել է անայցագիր մուտք՝ դառնալով աշխարհում առաջին պետությունը, որն այսպես է վարվում»,- «Ռիա նովոստիին» ասել է Պաղեստինի արտգործնախարարության հյուպատոսական բաժնի ներկայացուցիչը։

Արտաքին գերատեսչության հաղորդագրությունից նաև հետևում է, որ Վենեսուելան խոստացել է հիվանդանոց կառուցել պաղեստինյան տարածքներում, իսկ Ալ Մալիքին շնորհակալություն է հայտնել Կարակասին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ Պաղեստինին տրամադրեց կազմակերպությունում դիտորդ պետության կարգավիճակ։

Մեկնաբանել