Google Now-ն համալրվել է նոր գործառույթներով

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար նախատեսված` որոնման անհատականացված Google Now ծառայությունը համալրվել է նոր գործառույթներով, որոնք կարող են օգտակար լինել ճանապարհորդների համար: Օրինակ` տանից դուրս գալուց առաջ ծրագիրը կհուշի, թե ինչ եղանակային պայմաններ են նշանակետում:

Google Now-ն այսուհետ կկարողանա օդանավակայան ժամանելու պես Gmail-ից ավտոմատ «հանել» էլեկտրոնային ավիատոմսը: Նշենք, որ այս գործառույթը դեռ «համագործակցում» է միայն ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության հետ: Google-ում նշում են, որ ավիափոխադրողների թիվը շուտով կավելանա:

Նոր վայր ժամանելու դեպքում Google Now-ն տեղեկություններ կտրամադրի մոտ օբյեկտների մասին: Նոր ծառայությունը հնարավորություն կտա նաև մատչում ունենալ արժույթների փոխարկիչին:

Բացի այդ` կատարելագործվել է նաև ձայնային որոնման համակարգը: Օրինակ` արտասանելով «ի՞նչ երգ է սա» (What’s this song?) արտահայտությունը` կարելի է տեղեկություններ ստանալ ոչ հեռու հնչող երաժշտության հեղինակի և կատարողի մասին: Ձայնային հրամանի միջոցով հնարավոր կլինի նաև փոխել Google+ սոցցանցում օգտատիրոջ ստատուսը:

Google Search-ի նորացված ծառայությունը հասանելի է Google Play օնլայն խանությում: Այն նախատեսված է Android 4.1 (Jelly Bean) և ավելի բարձր կարգ ունեցող օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար:

Մեկնաբանել