Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործն ուղարկվել է դատարան

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Կ. Եսայանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Սարգսյանը, որը համակրել է Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանի դստերը` Մ. Ղուկասյանին, և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, տեղեկացել է, որ Մ. Ղուկասյանը պատրաստվում է ամուսնանալ այլ անձի հետ:

Իմանալով, որ 2012թ. ապրիլի 12-ին պետք է տեղի ունենա Մ. Ղուկասյանի և Կ. Եսայանի նշանադրությունը` Հ. Սարգսյանը որոշել է վրեժխնդիր լինել` Կ. Եսայանին սպանելու և նշանադրության արարողությունը խափանելու միջոցով:

Մասնավորապես` 2012թ. ապրիլի 12-ին Կ. Եսայանի հետ պայմանավորվել է հանդիպել «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարող ամայի տարածքում, որտեղ էլ Հ. Սարգսյանը 16 տրամաչափի ողորկափող հրազենից կրակել է Կ. Եսայանին, ով ստացած վնասվածքից մահացել է:

Կատարած հանցագործության հետքերը թաքցնելու և իր համար այլուրեքություն ստեղծելու նպատակով Հ. Սարգսյանը փոխել է ավտոմեքենայի արտասահմանյան համարանիշը և ուղևորվել Բավրա: Հատելով ՀՀ սահմանը` մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից էլ 3 ժամ անց վերադարձել Գյումրի:

Բացի այդ` նախաքննությամբ պարզվել է նաև, որ Հ. Սարգսյանը 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, այն է` ներմուծել և իրացրել է ավտոմեքենաներ, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Մեկնաբանել