«Ամերիան» չափել է զբոսաշրջությունը

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը պարզել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, թեև հյուրանոցային համարներում առկա մահճակալներն ավելացել են ընդամենը 1,4 անգամ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի Հայաստանում հյուրանոցների թիվն ավելացել է ընդամենը մեկով՝ հասնելով 143-ի։ Ուշագրավ է, որ Հայաստանին բաժին է ընկնում Հարավային Կովկաս զբոսաշրջային այցելությունների ընդամենը 14,5%-ը։

«Ամերիան» իրականացրել է Հայաստանի զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի վերաբերյալ համապարփակ հետազոտություն, որի նպատակը ոլորտի ընթացիկ վիճակի և զարգացման դինամիկայի գնահատումն է։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը, հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները, մասնաբաժինը ՀՆԱ-ում, Հարավային Կովկասի տարածաշրջանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագների և զբաղվածության համեմատական վերլուծություն։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն ավելացել է ընդամենը 1,4 անգամ։ Երկրում աճել է փոքր հյուրանոցների թիվը, այսինքն՝ բացվել են կացարաններ՝ քիչ թվով սենյակներով։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ. շուրջ 5,2 մլն մարդ այցելել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ գործարար, հանգստի կամ այլ նպատակներով: Հատկանշական է, որ վերջին տասը տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանում է՝ 25,2%, այնուհետև Հայաստանում՝ 16,7%, և Ադրբեջանում՝ 10,5%:

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Արման Փորսուղյանի խոսքով՝ հետազոտությունն իրականացվել է Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլ ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և Ազգային վիճակագրական ծառայության կողմից (ԱՎԾ) իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա:

Հաշվի առնելով ԱՎԾ տվյալները, ըստ որի՝ անցած տարի Հայաստան այցելել է 758 հազ. զբոսաշրջիկ, ստացվում է, որ Հարավային Կովկաս այցելածների ընդամենը 14,5%-ն է այցելել Հայաստան։ Այցելությունների մնացած մասը բաժին է ընկել Վրաստանին և Ադրբեջանին։

Հայաստանի զբոսաշրջության ոլորտում բավական հետաքրքրի տվյալներ է արձանագրել նաև ԱՎԾ-ն։ Ըստ վիճակագիրների՝ այս տարվա ինը ամիսներին զբոսաշրջիկներն օգտվել են 53 հյուրանոցներից՝ անցած տարվա 55-ի համեմատ։ Ստացվում է, որ Հայաստանում զբոսաշրջիկներն օգտվում են առկա հյուրանոցների ընդամենը 1/3-ի ծառայություններից։

Այս տարվա ինը ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 17,5%-ը հանգրվանել է հյուրանոցներում, մյուսները նախընտրել են մնալ բարեկամի կամ հարազատի տանը կամ էլ վարձով տրվող բնակարաններում։ Այս ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 29,3%-ը ժամանել է գործնական նպատակներով, 21,3%-ը՝ հանգստի և ժամանցի, 48,8%-ը՝ «այլ նպատակով»։

«Այլ նպատակներ» նշած զբոսաշրջիկները, ամենայն հավանականությամբ, հարազատներին տեսակցության համար ժամանածներն են, որոնք թեև դասական իմաստով զբոսաշրջիկ չեն, բայց այդպիսին են ըստ մեթոդաբանության։ Հաշվի չառնելով ազգային առանձնահատկությունները, մասնավորապես «նոր Սփյուռքի» գործոնը՝ ԱՎԾ-ն զբոսաշրջիկների հաշվարկման հարցում օգտվում է ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանությունից։ Այն զբոսաշրջիկ է համարում ցանկացած անձի, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական և այլ նպատակներով ճանապարհորդում է մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ տևողությամբ։

Մեկնաբանել