Քառորդ դար անց

1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից անցել է 24 տարի կամ գրեթե քառորդ դար:
Հայաստանի պատմության ողբերգական այս էջի մասին այսօր մենք խոսում են ոչ թե անցյալ ժամանակով, այլ ներկա: Աղետը թե՛ հոգեբանական և թե՛ նյութական հարթություններում հաղթահարված չէ: Ամենաշատ մարդկային և նյութական վնասները կրած Գյումրիում, որ հանրապետության երկրորդ քաղաքն է, յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել 88-ի հետքերի: Երկրաշարժն իր բոլոր հետևանքներով դաջված է ոչ միայն քաղաքի, այլև բնակիչների դեմքերին և քառորդ դար անց իրեն հիշեցնել է տալիս ժամանակավոր տնակների տեսքով:

24 տարի է` բոլոր իշխանությունները խոսում են աղետի գոտու վերականգնման և ընդհանրապես «աղետի գոտի» հասկացության վերացման անհրաժեշտության մասին: Գործնականում, սակայն, հետևանքների հաղթահարման շրջանակում հատվածական բնակարանաշինությունն օգտագործվում է զուտ քաղաքական դիվիդենդներ ստանալու համար:

Մենք այսօր պետք է ոչ թե խոսեինք աղետի գոտու վերականգնման անհրաժեշտության մասին, այլ, որքան էլ տարօրինակ հնչի, հպարտանայինք, որ կարողացել ենք հաղթահարել դարի ամենամեծ աղետներից մեկը, հպարտանայինք, որ հանրապետության երկրորդ քաղաքի բնակչությունը ոչ միայն չի պակասել, այլև ավելացել ու բարգավաճել է: Բայց քառորդ դար անց աղետի գոտի հասկացությունը ոչ միայն ֆիզիկապես չի վերացել, այլև այդ գոտին մեծացրել է իր աշխարհագրական և հոգեբանական շառավիղը…