Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, դուրս է գրվել Լոնդոնի Էդուարդ 7-րդի անվան հիվանդանոցից: Ամուսնու ուղեկցությամբ Քեյթը, դեղին ծաղիկները ձեռքին, նստել է «Յագուար» մակնիշի ավտոմեքենա և ուղևորվել դեպի Քենսինգտոնյան պալատ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ կայքը:
Չնայած հիվանդանոցի մերձակայքում հավաքված լրագրողների ակնկալիքներին՝ Ուիլյամն ու Քեյթը որևէ հայտարարություն չեն արել: Բուժհաստատության ներկայացուցիչները ոչ պաշտոնական կարգով տեղեկացրել են, որ երկուշաբթի օրը հոսպիտալացված Քեյթն իրեն ավելի լավ է զգում:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քեմբրիջյան դքսուհին այսուհետև կապրի Քենսինգտոնյան պալատում և առաջիկա օրերին ձեռնպահ կմնա ավելի վաղ ծրագրված մի շարք հասարակական միջոցառումների մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ՝ դեկտեմբերի 12-ին Քեյթը թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ ներկա կգտնվի «Հոբիթ. անսպասելի շրջագայությունը» ֆիլմի պրեմիերային:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին բրիտանական թագավորական պալատը պաշտոնապես հաստատել է Քեյթ Միդլթոնի հղիության վերաբերյալ տեղեկությունը: