Թուրքիան հայկական հուշարձանները ճանաչել է վրացական պատմամշակութային ժառանգություն

Թուրքիայի Փամուքքալեի և Սեբաստիայի համալսարանների մասնագետներն ավարտել են Արդվինի և Արդահանի շրջանում (պատմական Տայք նահանգ` Թուրքիայի հյուսիսարևելյան ծայրագավառ) գտնվող հուշարձանների ուսումնասիրությունները, հաղորդում է թուրքական Erzrumflas.com կայքը:

2003թ. ի վեր` երկու համալսարանների պատմաբան արվեստաբաններն ուսումնասիրել են մոտ 300 կրոնական, պատմամշակութային հուշարձաններ (վանքեր, եկեղեցիներ, մատուռներ) և դրանք գրանցել որպես վրացական: Հատկանշական է, որ այս հուշարձանների մեծագույն մասը Տայքի Հայ Բագրատունիների իշխանության ժառանգությունն է: Արշավախումբն ավարտել է նաև Խանդզտա, Օշքի և Իշխան հայ քաղկեդոնական եկեղեցիների վերականգնման ծրագիրը. Թուրքիայի մշակույթի նախարարությունը դրանք ևս ճանաչել է վրացական պատմամշակութային արժեքներ: Armweeklynews-ի տեղեկությունների համաձայն` Թուրքիայի կառավարությունը պետական բյուջեից հատկացումներ է արել Իշխանի եկեղեցական համալիրում վերականգնողական աշխատանքներ սկսելու նպատակով:

Ուշագրավ է, որ վրացական մշակութային ժառանգություն ճանաչված Իշխանի եկեղեցին կառուցել է Հայոց կաթողիկոս Ներսես Տայեցին, որը ծագումով հենց այդ գյուղից էր: Նրա անվան հետ է կապվում Զվարթնոցի տաճարի կառուցումը, իսկ Իշխանի եկեղեցին կառուցվել է Զվարթնոցի համանմանությամբ: Վրաստանը փորձում է վրացական մշակութային ժառանգություն ներկայացնել հայ քաղկեդոնական (երկաբնակ) հայերի կառուցած եկեղեցիները` օգտագործելով վրացիներին դավանակից լինելու հանգամանքը: Հայոց կաթողիկոսները շուրջ մեկ դար` սկսած Եզր Փառաժնակերտցուց մինչև Հովհան Օձնեցի, եղել են քաղկեդոնականներ:

Հավելենք, որ Թուրքիան Անիի հայ քաղկեդոնական եկեղեցին ևս ներկայացնում է որպես վրացական պատմամշակութային ժառանգություն: Իսկ պաշտոնական Թբիլիսին վերջերս վերանորոգեց Ախալցխայի թուրքական մզկիթը:

Մեկնաբանել