Բաքուն հույս ունի Գաբալայի հարցը լուծել մինչև տարվա վերջ. Մամեդյարով

Բաքուն և Մոսկվան մտադիր են մինչև այս տարվա վերջ որոշել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցը: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Դուբլինում լրագրողների հետ հանդիպմանը, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը:
Ըստ Մամեդյարովի՝ Դուբլինում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Գաբալայի հարցի քննարկում նախատեսված չէ, սակայն բանակցությունները ընդհանուր առմամբ շարունակվում են: «Դրանք որոշակի փակ ձևաչափով են ընթանում, սակայն շարունակվում են, և մինչև տարեվերջ մենք պետք է որոշենք այս հարցը», -ասել է Մամեդյարովը:

Մոսկվայի և Բաքվի միջև Գաբալայի վարձակալման պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին: «Այս հանգամանքով է պայմանավորված, որ բանակցությունները բավական ինտենսիվ են ընթանում», -ասել է Մամեդյարովը:

Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը դեռևս Խորհդային միության հակահրթիռային պաշտպանության կարևոր բաղադրիչներից է, և Ադրբեջանի անկախանալուց հետո Ռուսաստանը շարունակել է օգտագործել այն: Վարձակալման մասին պայմանագիրը երկու երկրների միջև ստորագրվել է 2002թ., և նրա գործողության ժամկետը ավարտվում է 2012թ. դեկտեմբերի 24-ին: Մոսկվան մտադիր էր բանակցությունները ավարտել մինչ 2012թ. հունիս, քանի որ նոր պայմանագիրը պետք է ստորագրվի նախկինի ժամկետի ավարտից ոչ ուշ քան 6 ամիս առաջ: Փաստաթուղթը մինչ այժմ չի ստորագրվել: Հիշեցնենք, որ այս տարի գարնանը մի շարք զանգվածային լրատվամիջոցներով տեղեկություններ էին տարածվել, որ Բաքուն պայմանագրի երկարացման համար որպես պայման է առաջ քաշում վարձակալման վճարը $7 մլն-ից մինչև $300 մլն ավելացնելը:

Մեկնաբանել