Եվրահանձնակատար Ֆյուլեն հանդիպել է ԲՀԿ պատվիրակությանը

Եվրամիության ընդլայման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դեկտեմբերի 6-ի երեկոյան հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ուշագրավ է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարությունում ԲՀԿ-ն որակվել է որպես Հայաստանի Ազգային ժողովի «ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը», մինչդեռ «Բարգավաճ Հայաստանը» իրեն ներկայացնում է որպես «այլընտրանքային» ուժ:

ԲՀԿ-ի և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական օրակարգին առնչվող բարեփոխումները և առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արված առաջարկությունները:

Նշվում է, որ հանձնակատար Ֆյուլեն կոչ է արել, որ ընդդիմությունը քննադատական, բայց նաև կառուցողական ներգրավվածություն ունենա իշխանության հետ վերոնշյալ գործընթացում: Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առնչությամբ Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել իր զրուցակիցներին բազմակուսակցական համաձայնության գալ այն բարեփոխումների շուրջ, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի արդյունավետ իրականացման համար:

Սա ԲՀԿ պատվիրակության բրյուսելյան այցի վերջին, բայց թերևս ամենակարևոր հանդիպումն էր: Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի և եվրոպացի այլ պաշտոնյաների հետ:

Մեկնաբանել