Եգիպտոսի ընդդիմությունը հրաժարվել է նախագահի հետ երկխոսությունից

Եգիպտոսի ընդդիմությունը մերժել է երկրի նախագահ Մուհամադ Մուրսիի երկխոսության առաջարկը, հաղորդում է Euronews-ը։

Նախօրեին Մուրսին հեռուստաուղերձում երկրի բոլոր քաղաքական ուժերին առաջարկել էր հանդիպել բանակցությունների սեղանի շուրջ և խիստ քննադատել էր Կահիրեի զանգվածային անկարգությունները։

Սակայն լիբերալ «Հայրենիքի փրկության ճակատը», որը միավորում է Մուրսիի հիմնական հակառակորդներին, ինչպես նաև երիտասարդական շարժումները պահանջում են չեղյալ հայտարարել երկրի նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն՝ ծրագրված դեկտեմբերի 15-ին, և չեղյալ հայտարարել Սահմանադրական հռչակագիրը, որը պետության ղեկավարին օժտում է «անսահմանափակ լիազորություններով»։

««Թահրիր» հրապարակում հավաքված քաղաքացիները որոշել են, որ հանրապետության նախագահը պետք է լքի իր պաշտոնը, նա պետք է հանձնվի արդարադատությանը»,- ասում է եգիպտացի ցուցարարներից մեկը։

Մի քանի հազար մարդ հավաքվել է Կահիրեի կենտրոնում և վանկարկում է 2011թ․ հեղափոխության կարգախոսներ։

«Նախագահ Մուհամադ Մուրսիի նախաձեռնության բոյկոտ՝ այսպես է ընդդիմությունը արձագանքել պետության ղեկավարի նախօրեի ելույթին։ Եվ սա նշանակում է, որ քաղաքական ճգնաժամը կշարունակվի»,- հաղորդում է Euronews-ի թղթակիցը Կահիրեից։