Բելգիայի կառավարությունը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը երկրորդից երրորդի (չորսբալանոց սանդղակով)՝ պայմանավորված «Անմեղ մարգարեի» (The Innocent Prophet)՝ իսլամի հիմքերը կասկածի տակ դնող հերթական ֆիլմի առաջիկա թողարկման հետ, հաղորդում է բելգիական De Standaart պարբերականը։
Ինտերնետում արդեն հայտնվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Այն նկարահանվել է Իսպանիայում պակիստանյան ծագմամբ նախկին մուսուլման Իմրան Ֆիրասատի կողմից։ Ֆիլմի թողարկումը նշանակված է դեկտեմբերի 14-ին։
«Անմեղ մարգարեի» հեղինակն ասում է, որ իր առջև խնդիր է դրել՝ պարզելու՝ իսլամը խաղաղության, թե պատերազմի կրոն է։ Նրա խոսքով՝ այս հարցի պատասխանը իսլամի հիմնադրի՝ Մուհամադ մարգարեի խառնվածքի մեջ է։ Հենց պատմական այս անհատի կյանքին էլ նվիրված է ֆիլմը։
«Անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել նրա կենսագրության մանրամասները՝ հասկանալու համար՝ նա եղել է Աստծո կողմից ուղարկված իրական մարգարե, թե մանկապիղծ, մարդասպան և ինքնակոչ մարդ»,- պարզաբանում է Ֆիրասատը իր մտահղացումը։
Այն, թե ինչ եզահանգման է նա եկել, կարելի է ենթադրել՝ ելնելով ֆիլմի համահեղինակի՝ սկանդալային քահանա Թերի Ջոնսի (որը լայն ճանաչում է ձեռք բերել՝ այրելով մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը) անձից։
«Անմեղ մարգարեի» թողարկումը նախկինում լայնորեն չի լուսաբանվել, սակայն դեկտեմբերի 7-ին, կապված ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման հետ, նրա մասին զանգվածային տեղեկացրել են բելգիական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ վերջին անգամ հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի թողարկումը բողոքի մեծ ալիք բարձրացրեց մուսուլմանների շրջանում ամբողջ աշխարհում։