ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով Վաշինգտոն էր ժամանել Կոնգրեսում ԼՂՀ անկախության 21-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով, դեկտեմբերի 5-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Ֆրենկ Փալոունի հետ. հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումների, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև ԼՂՀ տնտեսական զարգացման և ժողովրդավարական ձեռքբերումներին առնչվող հարցեր:

ԼՂՀ արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել Կոնգրեսի անդամներին՝ Արցախի հարցում ցուցաբերած մշտական աջակցության և ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնությունը շարունակական դարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Իրենց հերթին Կոնգրեսի անդամները խորը մտահոգություն են հայտնել բանակցությունների հանդեպ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու նպաստել Արցախի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը:

Մեկնաբանել