Գյումրիում անօթևանների նոր հաշվառում է կատարվում

24-րդ տարելիցն է, և այսօր մենք պիտի հասկանանք, որ պետք է փոխենք բարոյահոգեբանական մթնոլորտը՝ մարդիկ ընկճված են, մինչդեռ մենք բոլորս պիտի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից. Գյումրիի թիվ մեկ խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողանում ուրախ ապրել. «Արմնյուզ» հեռուստատեսության «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Երկրաշարժից ամենից շատ տուժել է Գյումրի քաղաքը, բնակֆոնդը, աշխատատեղերը, շատ բան է կորցրել, բայց կառուցվում են շենքեր, թաղամասեր,- ասաց Բալասանյան,- պետությունը լուծում է բնակարանների խնդիրը, և մարդիկ պիտի կարողանան ուրախ ապրել»:

Որպես երկրորդ խնդիր՝ Բալասանյանը նշեց աշխատատեղերի հարցը. սա այն հարցն է, որի լուծումն իրականում հույս կտա քաղաքացուն ապրել Գյումրիում: Այդ պատճառով, ըստ նրա, նախաձեռնվում են հանդիպումներ հնարավոր ներդրողների հետ: «Մենք 1հա հողը ներդրողին 1 դրամով սիմվոլիկ կտանք, որովհետև աշխատատեղերի խնդիրը մեզ համար լուրջ խնդիր է»,- նշեց նա՝ հավելելով, որ ներդրողների համար Գյումրիում ստեղծվելու են բոլոր պայմանները:

Բալասանյանը նշեց պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ այս պահին անօթևան է համարվում շուրջ 1500 ընտանիք: «Հիմա նոր հաշվառում ենք անցկացնում, կհստակեցնենք՝ նոր կներկայացնենք թվեր, սակայն հիմա հստակ քաղաքականություն ունենք. մենք հիմա բնակարանի սեփականաշնորհման վկայական ենք տալիս միայն այն դեպքում, երբ մարդը ապամոնտաժում է այդ տնակը, որպեսզի հետո նորից որևէ մեկին չտա, և նա հաշվառվի որպես անօթևան»,- ասաց նա:  

Բալասանյանը համաձայնեց, որ առկա է խնդիր, երբ ընտանիքները մեծացել են, սակայն, ըստ որոշման, բնակարան են ստանում՝ ըստ կորցրած գույքի: «Տնակներից միանգամից ձերբազատվել, միևնույնն է, չենք կարողանալու, որովհետև մարդ կա՝ կորցրել է 2 սենյականոց բնակարան, բայց այս տարիների ընթացքում մեծացել-ամուսնացել է որդին: Հիմա նոր բնակարան է ուղարկում իր որդուն, ինքը նորից մնում է տնակում: Բայց պիտի կարողանանք քիչ-քիչ մաքրել այդ տարածքը, օտարել հողերը, որ նորմալ շենքեր կառուցվեն»,- ասաց նա: