Իշխող ուժն ուղղակի խուճապի մեջ է. Ն.Զոհրաբյան

Գագիկ Ծառուկյանը միանշանակ ընկալելի թեկնածու է եվրոպական կառույցների համար. «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Եվրաինտերգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Զոհրաբյանը պատասխանել է, թե այդ մասին կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ: Զոհրաբյանը, ով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության հետ երեկ է վերադարձել Բրյուսելից, ասել է, որ այդ այցը անցել է բացառիկ հաջող, եվրոպական կառույցների ներկայացուցիչների տպավորությունները բացարձակապես դրական են թե՛ Գագիկ Ծառուկյանից, թե՛ կուսակցությունից:

Անդրադառնալով իշխող Հանրապետականի այն հայտարարություններին, թե իրականում եվրոպական կառույցների ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերվում Ծառուկյանին և ԲՀԿ-ին, Զոհրաբյանն ասել է, թե այդ ամենը ցույց է տալիս, որ իշխող ուժը ուղղակի խուճապի մեջ է:

«Խորհուրդ կտայի մարդկանց, որոնք անասելի խուճապի մեջ են, խուճապը թող չմթագնի բարեկրթությունը և քաղաքական կոռեկտությունը: Խուճապի պատճառի մասին երևի թե իրենց պետք է հարցնեք, երևի ինչ-որ բան գիտեն, ինչ-որ բան կանխազգում են», – նշել է նա:

Ըստ Զոհրաբյանի` պետք է շնորհակալություն հայտնեն իշխող ուժին ԲՀԿ-ի այցի «աննախադեպ PR-ը նման մակարդակով կազմակերպելու համար»:

«Նույնիսկ եվրաչինովնիկներն էին տեղեկացված այդ անասելի աղմուկի մասին, որը բարձրացել է մեր այցի շուրջ, և իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվել, որ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը ալեկոծված էր Գագիկ Ծառուկյանի պատվիրակության բրյուսելյան այցի շուրջ: Եթե մենք նույնիսկ շատ ջանայինք, նման համաշխարհային նշանակություն չէինք կարող տալ մեր այցին, ինչպես դա արեցին այստեղ»,- ասել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ երեկ իշխող ՀՀԿ-ը «ամոթալի» էր որակել ԲՀԿ-ի բրյուսելյան հաղորդագրությունը, որտեղ Գագիկ Ծառուկյանը Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի իշխանություններին մեղադրել էր կոռումպացվածության մեջ: Ըստ Զոհրաբյանի՝ Ծառուկյանը նկատի է ունեցել ողջ համակարգը, «իսկ եթե իրենք փորձել են դա անձնավորել և փորձում են տեղափոխել այլ դաշտը, ապա խնդիրը բացառապես իրենցն է»: Զոհրաբյանը մանրամասնել է. «Գագիկ Ծառուկյանը նկատի է ունեցել, որ Հայաստանում կոռուպցիան լրջագույն համակարգային աղետ է, և իրավունք չունեն կոռուպցիայի հանձնաժողովներով, հակակոռուպցիոն պայքարով զբաղվեն մարդիկ, որոնց աշխատանքը արդյունք չի տալիս: Ընդամենը այս մասին է խոսքը»:

Հավելենք, որ գարնանը նախատեսված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այցը ԱՄՆ: Ըստ Զոհրաբյանի` ԲՀԿ ղեկավարը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի Սենատում: