Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կրամնիկի հետ. London Chess Classic

London Chess Classic հեղինակավոր մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ և վաստակած 5 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում, Կրամնիկը 12 միավորով 2-րդն է:

Հերթական հաղթանակը տարավ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով 16 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում Կարլսենը սպիտակներով առավելության հասավ հունգարուհի Յուդիթ Պոլգարի նկատմամբ: Պոլգարը 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:

Անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը. հնդիկ գրոսմայստերը սպիտակներով զիջեց անգլիացի Մայքլ Ադամսին, ով 10 միավորով 3-րդ տեղում է, իսկ Անանդն 6 միավորով 5-րդն է:

Լյուկ Մըքշեյն – Գոուին Ջոնս պարտիայում հաղթանակ տարավ սպիտակներով խաղացող Մըքշեյնը: Վերջինս 4 միավորով բարձրացավ 7-րդ տեղ, Ջոնսը 2 միավորով նախավերջին` 8-րդ տեղում է: Ամերիկացի Հիկարու Նակամուրան այս տուրը բաց թողեց, նա իր ակտիվում ունի 8 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com