Գյումրեցուն պահում է իր հումորը. դեռ երկրաշարժի օրերին ասույթ էր դարձել գյումրեցու մի խոսք. «Օր շրջապատ չունեիք, ընչի՞ երկրաշարժ կենեիք». պատմեց կինոռեժիսոր, օպերատոր և դասախոս Ալբերտ Մկրտչյանը «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում: «Էությունիցդ է ծնվում հումորը, լեննականցու տեսակն է դա»,- նշեց նա:
Ալբերտ Մկրտչյանը պատմեց երկրաշարժի պահի իր հուշերը, թե ինչպես է բացվել սառնարանն ու ամեն բան թափվել հատակին, ինչպես են ճչացել հարևանները, ինչպես է կինոխցիկով արձանագրել՝ ինչպես են մտերիմներին դուրս բերում փլատակների տակից: «Բայց հիմա ամենասարսափելին այն է, որ Գյումրիում կա երիտասարդ, որ ծնվել է դոմիկում, ու մինչև հիմա ապրում է դոմիկում: Էդպես չպիտի լիներ»,- ասաց նա:
Ալբերտ Մկրտչյանը հիշեց, թե ինչպես է թատերական ներկայացում դարձրել երկրաշարժի օրն ու սարսուռը, աղետն ու հետքը, ու ինչպես է հետո այդ ամենը դրել «Ուրախ ավտոբուս» ֆիլմի հիմքում: Նա պատմեց նաև, որ առաջիկայում պատրաստվում է ֆիլմ նկարահանել Եղեռնի մասին: «Ուզում եմ նկարել հորս ու մորս տխուր աչքերը, որոնց առջև միշտ կային իրենց քույրերն ու եղբայրները, ում սպանել էին իրենց առաջ: Ասելու բան էլ չկա. էդ աչքերն ասում էին ամեն ինչ: Ուզում եմ ֆիլմ նկարել Եղեռնի մասին՝ մորս աչքերով»,- ասաց նա:
Այս 24 տարվա ընթացքում, կինոռեժիսորի ամեն ինչ արձանագրող աչքերում, շատ է փոխվել Գյումրին. «Հումորը էն չի: Փորձում են ընդօրինակել, չի ստացվում: Բոլորն են փորձում ընդօրինակել. հեռուստատեսությունները ընդօրինակում են ռուսական ալիքներին: Էդպես շարունակ, էն չի»,- նշեց նա: Սակայն անվերջ դժվարությունների դեմ գյումրեցին կրկին մաքառում է իր հումորով:
Գյումրեցին ուրախանում է նույնիսկ փոքրիկ-փոքրիկ երևույթներով. «Էս վերջերս գնացել էի Գյումրի, փողոցները մաքրել էին. մարդիկ ուրախացել էին, ասում էին՝ ինչ լավ է, չէ՞, քամի կա, բայց փոշի չի անում»,- նշեց նա:
Նկատենք հետաքրքիր մի զուգահեռ. մի քանի ժամ առաջ այլ հեռուստաալիքով Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, թե գյումրեցու ամենամեծ խնդիրն ուրախության բացակայությունն է, թե գյումրեցին ճնշված է, և հիմնական խնդիրը նրա բարոյահոգեբանական վիճակի բարելավումն է: Որքա՜ն տարբեր է գյումրեցին պաշտոնյայի ու արվեստագետի աչքերով: