Գանձասարը և ժամանակի մորֆոլոգիան

Մի քանի օր առաջ, լուրեր տարածվեցին, որ վերսկսվել է Գանձասարի եկեղեցու պարսպապատերի երեսպատումը, հետո դրանք հաստատվեցին լուսանկարներով: Փաստորեն, մեկ տարի առաջ հանրային ուշադրության կենտրոնում հայտնված այս խայտառակ պատմությունը ժամանակավոր դադարից հետո նորից շարունակվում է:

Առնվազն 13-րդ դարով թվագրվող Գանձասարի քարե պարիսպը, որը մասնակի նորոգվել է 17-րդ, 19-րդ և 20-րդ դարերում՝ պահպանելով իր նախկին՝ պատմական տեսքը, երեսպատվում է Արցախի միջնադարյան ճարտարապետության համար ոչ բնորոշ, սրբատաշ քարե սալիկներով: Պարսպի նոր տեսքն ամբողջովին խաթարում է վանական համալիրի արտաքին տեսքը և պատմական արժեքը: Ընդ որում՝ որքան տեղյակ եմ, ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ հուշարձանների պահպանության վարչությունը, ինչպես նաև ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչությունը դեմ են արտահայտվել 1989-ից գոյություն ունեցող նախագծից տարբերվող վերանորոգման աշխատանքների իրականացմանը, սակայն արդեն մի շաբաթ է՝ շինարարական աշխատանքները վերսկսվել են:

Աշխատանքները հովանավորող գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կարծես սկզբունքորեն որոշել է ավարտին հասցնել Գանձասարի պարիսպների երեսպատման աշխատանքները:

Իհարկե, հարցը կենսական նշանակություն ունի, քանի որ խոսքը հենց Գանձասարի մասին է, որը հայկական ճարտարապետության ամենափայլուն և ամենահայտնի նմուշներից է: Պատմական բազմաթիվ այլ կառույցներ նման ձևով արդեն փաստացի անհետացել են՝ դառնալով ընդամենը 21-րդ դարի կառույցներ:

Այս պարագայում հիմնարար հարց է առաջանում՝ որո՞նք են բարերարի պատասխանատվության, մեկենասի իրավունքների սահմանները: Որտե՞ղ են դրանք վերջանում, և որտե՞ղ է սկսվում պետության սկզբունքային դիրքորոշումը: Արդյոք, բարեգործությունն իրավունք ունի՞ պայմաններ թելադրել, մանավանդ երբ խոսքը Գանձասարի նման բացարձակ ազգային արժեք մասին է:

Կա ևս մեկ հարց, որն արդեն մշակութաբանական դաշտում է: Այս պարագայում Լևոն Հայրապետյանը «ճիշտ» է: Նա մշակութային արժեքները «համահունչ» է դարձնում մեր ժամանակներին:

20-րդ դարի սկզբին գերմանացի հայտնի հնագետ և ազգագրագետ Լեո Ֆրոբենիուսը առաջ քաշեց «մշակույթի մորֆոլոգիա» հասկացությունը: Ըստ այդ տեսության, որը մեծապես ազդել է նաև Շպենգլերի հայացքների վրա, մշակույթը հոգի ունեցող սոցիալական օրգանիզմ է: Երկար տարիներ ուսումնասիրելով աֆրիկյան անհետացած քաղաքակրթությունների մշակույթը՝ Ֆրոբենիուսը պնդում էր, որ անցած դարերի մշակույթները կարելի է ընկալել՝ ուսումնասիրելով նրանց նյութական հուշարձանները:

Հենց այս մշակույթի մորֆոլոգիայի տեսակետից Լևոն Հայրապետյանի նախաձեռնած երեսպատումն ստեղծում է 21-րդ դարի սկզբի սաունաների, խորովածանոցների և «եվրոառանձնատների» Հայաստանին համապատասխանող մշակույթ: Այն ավելի համահունչ է իրականությանը, և ապագայի գիտնականները ավելի ճիշտ կընկալեն մեր օրերի Հայաստանի մշակույթը դրա, քան փառահեղ միջնադարյան շարվածքով կոթողների միջոցով:

Մեկնաբանել