«Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» պատմավեպի շուրջ

Սա ամենևին գրախոսական չէ։ Ես ամենևին փորձ չունեմ գեղարվեստական գործեր գրախոսելու, սակայն յուրաքանչյուր պատմավեպի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ։ Պատմավեպի նկատմամբ իմ թուլությունը դեռ դպրոցական տարիներից է գալիս, երբ աշակերտական հետաքրքրությամբ ընթերցում էի Րաֆֆու, Ստեփան Զորյանի, Սերո Խանզադյանի, Հայկ Խաչատրյանի և հայ այլ պատմավիպասանների գործերը։ Այնուհետև եկան ռուսական պատմավեպի հսկաները՝ ռուսական անծայրածիր իրականության արտացոլումով, իսկ ավելի ուշ ինձ սկսեցին գերել Ֆրանսիական հեղափոխության և կրոնական տարբեր օրդենների մասին եվրոպացի հեղինակների գործերը։

Ես միշտ ափսոսացել եմ հայկական պատմավեպի մակարդակի համար։ Միշտ պակասել է ինչ-որ խորություն, դիսկուրսի թեմա։ Դա, իհարկե, պարզ է դառնում համեմատության մեջ, երբ հասունության հետ հնարավորություն ես ունենում ուսումնասիրել համաշխարհային պատմավեպի հայտնի դեմքերին։

Հայոց պատմությունը բավական հարուստ և բազմաշերտ է՝ զուգակցված համաշխարհային զարգացումների և իրադարձությունների հետ, և վստահաբար հետագայում հարուստ նյութ է ծառայելու գրողների համար։

Երբ իմացա Արծրուն Պեպանյանի «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» պատմավեպի մասին, զարմացա։ Ի՞նչ իմաստ կա անդրադառնալու մի կերպարի, որն արդեն իր գեղարվեստական արտացոլումն է գտել Ստեփան Զորյանի հայտնի վեպում։ (Զորյանի «Հայոց բերդը», «Պապ թագավոր», «Վարազդատ» եռերգությունը իմ դպրոցական տարիքի սիրելի գրքերից էին)։ Սակայն Պեպանյանի «Պապ թագավորը» ընթերցելուց հետո ես միայն հասկանում, որ մեր պատմության այս ողբերգական ժամանակաշրջանին նորովի անդրադառնալը անպայման արժեր։ Պեպանյանի գրքում դիսկուրս կա, կարևոր մեսիջներ, որոնք գեղարվեստական մակարդակում ևս արժեր արծարծել։

Երիտասարդ թագավորի պայքարը հզոր պետություն կառուցելու համար հանդիպում է Լուսավորչական եկեղեցու ընդդիմությանը։ Եկեղեցի, որ այդ ժամանակ ուներ հզոր թիկունք՝ ի դեմս Հռոմի կայսեր, և գլխավորում էր հռոմեական կուսակցությունը հայկական թագավորությունում՝ իր հզորությամբ ու հարստությամբ մարտահրավեր նետելով ընդհուպ թագավորին։ Գրքում այլ անկյան տակ է ներկայացվում քրիստոնեության հաստատումը Հայաստանում և մինչքրիստոնեական հայկական մշակույթի ոչնչացումը։

Վաղ միջնադարյան Հայաստան, որ դարձել է տարբեր խմբակցություների հատվածական շահերի թատերաբեմ։ Հայոց եկեղեցի, որ ամբողջովին ներկայացնում է Կեսարիայի քահանայապետության, իմա՝ Հռոմի շահերը։ Թեթև անդրադարձ առաջին դարում լայնորեն տարածված միհրականության և քրիստոնեության առնչություններին, նոր կրոնին՝ որպես ժողովուրդներին սեփական ազդեցության ծիրում պահելու Հռոմի գործիք։

Գիրքն այնուամենայնիվ, կարծում եմ, ավարտուն չէ։ Վեպի մեջ Պապ թագավորի բերանով մի թեթև ակնարկ կա եկեղեցին ազգային դարձնելու մասին։ Ներսես Մեծի մահից հետո հայոց կաթողիկոսին Կեսարիայում չօծելու Պապի քայլը դրա պրակտիկ արտացոլումն էր։

Հայոց ազգային եկեղեցու ստեղծումը, եկեղեցին հունա-ասորական ազդեցությունից ազատումը, հռոմեա-բյուզանդական ազդեցության նվազումը Հայաստանում, հայոց գրերի գյուտն ու հայոց նոր ազգային ինքնության թեման կարող է լինել Արծրուն Պեպանյանի «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» պատմավեպի շարունակություն։

Մեկնաբանել