Վիրտուալ աշխարհից ոչ վիրտուալ

ՍիվիլՆեթը սկայպհարցազրուց է ունեցել Դուբայի կառավարման և նորարարական կենտրոնի տնօրեն Ֆադի Սալեմի հետ: Նա մասնագիտացած է սոցիալական մեդիայի հարցերով և վերջերս ներկայացրել է մի հետազոտություն, որը կոչվում է «Արաբական սոցիալական մեդիայի զեկույց»: ՍիվիլՆեթը Սալեմի հետ խոսել է սոցիալական մեդիայի՝ Արաբական գարնան վրա ազդեցության և ընդհանրապես այդ մեդիայի նշանակության մասին:

-Ֆադի՛, հայաստանյան մեր փորձից ելնելով՝ կցանկանայի Ձեզ հարցնել այն մասին՝ ինչո՞ւ կիսադեմոկրատական երկրներում սոցիալական մեդիան հաճախ լրիվ այլ նպատակի է ծառայում: Նրա դերը մի տեսակ արհեստական է, դա կարծես տալիս է կեղծ զգացում ինչոր բանի հասնելու և ներգրավված լինելու: Հայաստանում, համենայնդեպս, նման զգացում կա: Ինչպե՞ս է Մերձավոր Արևելքում:

 

-Տեսեք՝ ինչ է կատարվում այսօր Արաբական աշխարհում: Մենք ունենք ապստամբության երեք մակարդակ: Նախ, դեմոգրաֆիական հեղափոխությունը. ունենք երիտասարդների մեծ խմբեր, որոնք նոր են տեսադաշտում հայտնվում, երկրներ կան, որտեղ երիտասարդները բնակչության 70 տոկոսն են: Կան նաև դեմոկրատական ու տնտեսական մասնակցության, իրենց իրավունքների պաշտպանության աճող ու զարգացող նոր նորմեր: Երրորդը տեխնոլոգիական հեղափոխությունն է, երբ ավելի ու ավելի լայն զանգվածներ կարող են օգտվել տեխնոլոգիաներից` գնային և հասանելիության առումով: Մենք կարծում ենք, որ արաբական երկրների մեծ մասում չկա ո՛չ ակտիվ քաղաքացիական հասարակություն, ո՛չ ազատ լրատվամիջոցներ, որոնք կարող են աշխատել առանց կառավարության միջամտության: Նույնիսկ խորհրդարաններ չունեն, որ ներկայացնեն իրենց համայնքները: Նրանք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով բացահայտում են այս նոր հնարավորությունները, կարողություն գտան հաղթահարելու այդ բոլոր խոչընդոտները, միավորվելու և միասին աշխատելու հարցերի շուրջ, որոնք, ինչպես տեսանք տարբեր երկրների պարագայում, լսելի դարձրեցին իրենց կառավարություններին:

-Դա դրական կողմն է: Կա նաև բացասական կողմը այն իմաստով, որ դա նրանց տալիս է ներգրավվածության կեղծ զգացում և ոչ իրական քաղաքական կամ սոցիալական հետևողականություն:

 

-Կախված է դեպքից: Օրինակ, արաբական երկրներում մինչև 2010թ. սոցիալական կայքերն օգտագործվում էին հիմնականում անձնական շփումների ու հաղորդակցման նպատակով, իսկ 2011-12 թթ. դրանք հիմնականում սկսեցին օգտագործվել քաղաքական նպատակներով: Այսօր տեսնում ենք, որ զարգանում է սոցցանցերի օգտագործումը տնտեսական նպատակներով: Այսպիսով, ես նկատի ունեմ օգտատերերի մեծամասնությանը, որոնք օգտագործում են սոցիալական մեդիան կազմակերպված ու ինստիտուցիոնալացված կերպով փոփոխությունների հասնելու համար:

Հնարավոր է, որ այլ հասարակություններում, որոնք ունեն շփման այլ ճանապարհներ, սոցիալական մեդիան այդքան մեծ ազդեցություն չունի, սակայն աշխարհի այս մասում մարդիկ չունեն այլընտրանք, և ուժի այն զգացումը, որը տալիս է վիրտուալ քաղաքացիական հասարակությունը, դուրս է գալիս վիրտուալ տարածքից և դառնում իրական: Այն այլևս վիրտուալ չէ:

Կարծում եք՝ սոցմեդիայի այս աշխարհը, որ սկիզբ առավ որպես վիրտուալ, այժմ իրակա՞ն է: Արդյոք հնարավո՞ր է իրականացնել տեղափոխությունը վիրտուալ աշխարհից  ոչ վիրտուալ աշխարհ:

 

-Կարծում եմ՝ դա ժամանակի խնդիր է: Այո, էկոհամակարգը զարգանում է, և այն, ինչ մենք ունենք այսօր, քաոսն է, խառնաշփոթությունը: Չկա ոչ մի ուղեցույց կամ կառույց: Այսօր սա տարբեր հասարակություններում հանգեցնում է բազմաթիվ ռիսկերի ու խնդիրների: Պետական շատ կառույցներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ փորձում են գլխի բերել և մշակել միատեսակ մի կառուցվածք և վերցնել այդ երևույթների առավելությունները: Իսկ կառավարությունները մշակում են քաղաքական ուղենիշ սոցիալական մեդիայի համար, որը կկիրառվի հենց կառավարությունների կողմից: Դրանք նաև ապահովում են նոր ալիքներ հասարակության համար, որպեսզի վերջինս համագործակցի սոցիալական մեդիայի հետ: Այնպես որ, արաբական երկրներում ամեն ինչ հարմարեցնում կամ փորձում են հարմարեցնել դրան: Սա ժամանակ է պահանջում: Մենք հիմա անցումային շրջանում ենք: Այս ձևափոխումը վիրտուալ աշխարհից  ոչ վիրտուալ աշխարհ տեղի է ունենում իրազեկության, կառուցվածքային փոփոխությունների միջոցով:

Զրուցել է Սալբի Ղազարյանը

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: