Հայրիկյանն ընտրություններին մասնակցելու է

Ես մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, «Ամենալավ տանտերը կարող է լինել տունը կառուցողը» կարգախոսով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հնարավոր համարելով, որ կաջակցի այն ուժին, որի քաղաքական համախոհն է:

Նա նշել է, որ ընտրագրավի մեծ մասը հավաքված է, և այդ գործընթացը շարունակվում է: «Շատ լավ հասկանում եմ, որ միայնակ գնալու դեպքում լավագույն դեպքում հավաքելու եմ 20 տոկոս,- ասել է նա:- Այսօր շահեկան վիճակում է Սերժ Սարգսյանը, քանի որ նա ճակատով է մասնակցելու ընտրություններին»:

Հայրիկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն անձամբ իրեն ասել է, որ պատրաստ է հօգուտ իրեն հանել իր թեկնածությունը: «Գագիկ Ծառուկյանն ինչ-որ փուլերում ինձ օգտակար եղել է: Նա կատարյալ ժողովրդավարության մոդելի շուրջ քննարկումներ է անցկացրել մեզ հետ, խոստացել է, որ ընթացք կտրվի, բայց ոչինչ չի արվել: Եթե Գագիկ Ծառուկյանը ցանկություն կունենա քաղաքականությամբ զբաղվելու, ապա ես պատրաստ եմ իմ փորձով օգտակար լինել նրան»,- ասել է նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ նրա, դեռ իրավիճակն է գնահատում. «Նրա լռությունը խոսուն է, բայց չեմ ուզում մեկնաբանել նրա հետագա քայլերը: ՀԱԿ-ում իրավիճակը նույնպես խոստումնալից չէ»:

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ ընտրությունների երկրորդ փուլ հնարավոր է, եթե ընթացքն արդար ու թափանցիկ լինի, և եթե ընդդիմադիր դաշտը միասնական լինի, իսկ միասնական թեկնածուն պարտադիր չէ, որ լինի ընդդիմության ներկայացուցիչ, կարող է լինել «ազգային համաձայնության թեկնածու»: