Համակարգչային նոր լսարան՝ 2-րդ բանակային կորպուսում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) դեկտեմբերի 7-ին 2-րդ բանակային կորպուսի թիվ N զորամասում բացել է համակարգչային լսարան, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով. հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Այս տարի սա արդեն երկրորդ համակարգչային լսարանն է, որ ՀԵՀ-ը նվիրում է զորամասերին։ Առաջին լսարանը բացվել էր սեպտեմբերին ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նկատել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր ունեն բոլոր ոլորտներում։ Նա նշել է, որ նորաբաց լսարանը զինվորներին և սպաներին կօգնի ավելի լավ ու արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը, հետ չմնալ տեխնոլոգիական զարգացումներից, տիրապետել հսկայածավալ տեղեկատվությանն ու ապահովել շարունակական կրթությունը։ Ա. Տեր-Հովակիմյանը տեղեկացրել է, որ համակարգիչներն ապահովված են տարբեր ծրագրերով, առաջիկայում զորամասին կտրամադրվի նաև էլեկտրոնային գրադարան։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նշել է, որ նման լսարանները զինծառայության մեջ գտնվող երիտասարդներին հնարավորություն են տալիս չկտրվել նախազորակոչային շրջանում ստացած կրթությունից, և զորացրումից հետո ուսումը շարունակել ցանկացող զինծառայողները կկարողանան նախապատրաստվել՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները։

Ժամկետային զինծառայող Օգսեն Թարվերդյանը Երևանից է, ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ծրագրավորող է։ Նա ինքն է համակարգիչները տեղադրել, միացրել, ներբեռնել համապատասխան ծրագրեր։ Օգսենը պատրաստակամ է իր համակարգչային հմտությունները փոխանցել ընկերներին։

Զինծառայող Գուրգեն Պետրոսյանը տեղեկացրել է, որ զորամասն ունի իր թերթը, ռադիոկայանը, որ կյանքի են կոչվում զինծառայողների ուժերով։ Ունեն նաև հարուստ տեսաարխիվ, պատրաստում են տեսանյութեր, հեռուստահաղորդումներ զորամասի մասին, և նորաբաց համակարգչային լսարանը, ըստ զինծառայողների, կհեշտացնի իրենց աշխատանքները։

Նշենք, որ մինչև տարվա վերջ ՀԵՀ-ը նախատեսում է համակարգչային լսարաններ բացել ևս երկու զորամասում։

Մեկնաբանել