ՀՀ գործող իշխանությունները հետզհետե կորցնում են իրենց լեգիտությունը, ժողովրդի վստահությունը, և վտանգավոր է, որ այդ արտացոլվում է նաև բանակում. Ֆրանսիական «AYP FM» ռադիոկայանին հյուրընկալվելով՝ նշել է Արցախյան հերոսամարտի մասնակից, «Սարդարապատ» նախաձեռնության հիմնադիր անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Թե Երևանից դուրս, թե նույնիսկ Երևանի ծայրամասերում կյանքն, ըստ նրա, տժգույն է, աղքատիկ, տնտեսությունը հիմնված է ներմուծումների վրա, դրանց սպառումը կազմակերպվում է հիմնականում ազգականների կողմից հայաստանցիներին ուղարկվող օգնությունների միջոցով, վերջին տարիներին զարգացվում է հանքարդյունաբերությունը, որից պետբյուջեն օգտվում է շատ փոքր չափով, իսկ բնությանը, մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհաշվելի են: Իրավիճակը բնորոշելով՝ որպես «համաղետային՝ կատաստրոֆիկ»՝ նա հավելել է, որ արտագաղթի տեմպերը մեծապես արագացել են:
«Եվ այս իրավիճակը ստեղծած է ընկերային ահավոր բևեռացվածություն մարդոց մեջ, բարոյական և հոգեբանական ահավոր ճգնաժամի մեջ մտած են մարդիկ, և ահավոր բևեռացվածություն առաջացած է պետության և քաղաքացիներու, նաև՝ քաղաքացիներու միջև… բայց անպայման պետք է խոսել լուծումներու մասին»,- ասել է նա:
Ըստ նրա՝ այսօր անհնարինության իրավիճակ է քաղաքական դասական գործընթացների առումով, քանի որ ոչ միայն քաղաքացիները, այլև՝ ընդդիմությունը չի պատկերացնում, թե ինչ կարելի է անել: «Այսօր նախագահական չակերտյալ ընտրություններու առջև կգտնվինք և ընդդիմությունը չգիտե, թե ինչ պիտի ընե»,- նշեց նա: Ենիգոմշյանի դիտարկմամբ՝ քաղաքացիական հասարակության համար, սակայն, խնդիրներն անլուծելի չեն. անկախության տարիների մանուկներն այսօր համախմբվում են քաղաքացիական նախաձեռնությունների շուրջ, և պայքարի դուրս գալիս իրենց իրավունքների պաշտպանության համար: «Կա պայքարի ասիմետրիկ ուժը, որտեղ փոքր ուժը կարող է ծանր, ոչ ճկուն մտքով առաջացող ուժի նկատմամբ կտրուկ հաղթանակներ ապահովել. այս ձևով փոքր հաղթանակներ տեղի կունենան»,- նշել է նա՝ որպես հաղթանակ նշելով թե Մաշտոցի պուրակի, թե Խոսրովի արգելոցի դեպքերը:
Ենիգոմշյանը նշեց, որ եթե շարժումը մնա միայն այս կետում, ապա հակառակորդը կարող է թափանցել այս կողմ և ձախողել հաղթանակը, սակայն երիտասարդներն ունեն պայքարի շարունակականության անհրաժեշտության գիտակցումը, բացի դրանից, բացի քաղաքացիական շարժումից միջոցներ են ձեռք առնվում նաև քաղաքական մարմիններ ստեղծելու համար: Այդպիսի մի մարմին է «Նախախորհրդարան»-ը, որն այլընտրանքային ճանապարհով պիտի հասնի իշխանության: Այդ ճանապարհը առաջին քայլը կլինի կազմավորել հիմնադիր խորհրդարան՝ կազմված 65 մարդուց, որը կներկայանա ժողովրդին երկրի ապագայի հստակ ծրագրով. այդ ծրագիրը պիտի ներկայացվի յուրաքանչյուր քաղաքացու, և ով համաձայն լինի, նրա հետ պիտի կնքվի հասարակական պայմանագիր, ինչը կնշանակի, որ նա իր լիազորությունները պիտի հանձնի այդ մարմնին: «Այդ կոնտրասոսիալը ընտրության ձև է, ավելի ուժեղ վստահություն, որ այդ մարդը իր քվեն կտա»,- ասաց նա:
Ենիգոմշյանի խոսքով՝ այս գաղափարի շուրջ իրենց խոհերը կարող են հայտնել և իրավունք ունեն դրանք հաշվի առնել պահանջել հայերն ամբողջ աշխարհից համացանցի միջոցով: Այսպես, կերտվելով, զտվելով՝ այդ ուժը պիտի կազմավորվի, իրականանա, հզորանա՝ դառնալով իրական լեգիտիմ քաղաքական ուժ: