ՀՀ սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև տարիների ընթացքում գիտական ու մշակութային ծրագրերի շրջանակներում ձևավորված համագործակցությունը իրավական հարթության վրա է դրվել. տեղեկանում ենք ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պայմանագիր ստորագրել են 2012-2017թթ. գիտակրթական և մշակութային համագործակցության վերաբերյալ:

Այսուհետ գիտական, կրթական, գեղարվեստական գրականության, հետազոտական թեմաների պատվերներն ու հրատարակումը, ինչպես նաև միջոցառումների ու ծրագրերի համատեղ մշակումը, կազմակերպումն ու իրականացումը Հայաստանում և Սփյուռքում  պայմանագրային բնույթ կկրեն: Համատեղ կկազմակերպվեն գիտաժողովներ ու համաժողովներ, ուսանողների պրակտիկան: Կշարունակվի ԵՊՀ-ի հետ համատեղ Սփյուռքագիտության ամբիոնի գործունեության ապահովումն ու սփյուռքագիտության գծով մագիստրոս մասնագետների պատրաստումը, «Սփյուռք ամառային դպրոցի» գործունեությունը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պայամանգրի կնքումը  կարևոր իրադարձություն է համարել՝ մատնանշելով այն հիմնական ուղղությունները, որոնցով արդեն իսկ ծավալվել ու շարունակվելու է ընթանալ գործակցությունը: Համագործակցության առաջին քայլը ԵՊՀ-ում Սփյուռքագիտության ամբիոնի հիմնումն էր ու մասնագետների պատրաստումը: Որպես 2-րդ ուղղություն նախարարը նշել է, որ գիտական կարևոր բոլոր համաժողովները կազմակերպում են համալսարանի հետ: Համատեղ իրականացվող 3-րդ ուղղությունը հետազոտական աշխատանքներն են: Սփյուռքը բազմաշերտ է, ունի շատ խնդիրներ, որոնք նախարարությունն ուսումնասիրում է ԵՊՀ գիտնականների հետ:

«Մայր բուհը մեզ համար դարձել է այն հիմնարար կենտրոնը, որի հետ նախարարությունը հիմնադրման առաջին օրվանից գործակցում է»,- նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ կարևորելով հատկապես Սփյուռքի համայնքների պատմությունը գրի առնելու գործում ԵՊՀ  մասնակցությունը:

«ԵՊՀ-ն լրջորեն է մոտենում այս համագործակցությանը: Մեր անցած ուղին կարճ է, բայց բազմաբովանդակ: Կարծում եմ` ձեռքբերումները թույլ են տալիս կառուցել համագործակցության միանգամայն նոր մակարդակ: Ուրախալին այն է, որ դասախոսական և ուսանողական նորանոր շրջանակներ են ներառվում այս համագործակցության մեջ»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները ներկայացված են պայմանագրում: