Աղոթենք ՀՀԿ կոչվող վարակի զոհերի համար

Կարծես ՀՀԿ-ի գաղափարախոսական «արյան» մեջ է քրեական պատմությունների մեջ ընկնելը։ Ընդ որում, էդ գաղափարախոսական «արյան» մաս է դառնում նաև պետական կառավարման մասին ցինիկ պատկերացումները, նախագահի ընտրություններում «մի ուրիշ ձևի» հաղթելու վստահությունը։ ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք այսքան անողնաշար արքայությունը, որ ունի այս երկրում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ ՀՀԿ-ն պետական կառավարման մասին առ այսօր ոչ մի խոսք չի ասել, պետական կառավարման մասին իր բոլոր պատկերացումները նա այս երկրի վրա «նաղդել» է պարզապես իշխող կուսակցություն լինելով։ Դրանից բացի ուրիշ ոչինչ չի արել։ Եթե արած լիներ, ընտրություններ էլ կաներ։ Եթե արած լիներ, շատ ծանր չէր տանի իշխանությունից զրկվելու հնարավորությունը։ Եթե արած լիներ, 5 հազար դրամ չէր բաժանի ցանկացած ընտրությունից առաջ և ընթացքում։ Նշանակում է, այդ կուսակցությունը ի վիճակի չէ քաղաքակիրթ որևէ պայքարի, հետևաբար, գիտի, որ առանց վայրենության չի կարող հաղթել որևէ պայքարում։

Անձամբ ես կարծում եմ, որ վայրենությունն անհրաժեշտ պայման է ցանկացած հաղթանակի։ Որտեղ պայքար, այնտեղ վայրենություն։ Պատերազմում հնարավոր չէ քաղաքակիրթ պայքար, քաղաքակիրթ սպանություն չի լինում։ Այս իմաստով ՀՀԿ-ականները որևէ տրամաբանության դեմ չեն գործել իշխանության գալուց ի վեր։ Սակայն ֆոկուսն այն է, թե ինչու այդ կուսակցությունը միանգամից բռնապետություն չի հաստատում այս երկրում։ Անձամբ ես ճիշտ եմ համարում ՀՀԿ-ի տրամաբանությամբ իշխելն ամրագրել պաշտոնական դիկտատուրա հաստատելով։ ՀՀԿ-ն չի թաքցնում, որ դիկտատուրա է, այս իմաստով շատ տրամաբանական է, որ փուչիկների գործով միակ մեղադրյալ Սերոբ Բոզոյանին խժռում են անձամբ, այսինքն, թույլ են տալիս, որ իրենց հանցագործության պատճառով բանտում հայտնված ծանր հիվանդը մեռնի։ Այս իմաստով պետական ինստիտուտի կիրառման թատրոն է նրա ձերբակալությունը, որովհետև նրանց փոխարեն ես նույնպես Կարեն Ավագյանին մատով չէի դիպչի։ Պետք է նստի նա, ում անձամբ չեմ ճանաչում, ում երեխաներն ինձ հետաքրքիր չեն։

Ես պետական կառավարման թատրոնը նույնպես համարում եմ «քաղաքակիրթ սպանության» անհրաժեշտ մաս։ Այսինքն, նորմալ է, երբ ցույց ես տալիս, իբր ժողովրդավարական երկիր ես կառուցում, բայց իշխանություն պահելու բոլոր մեթոդներդ մոտ են մարդակերության կարևորմանը։ Մարդակերությունն ի դեպ, հենց մարդ ուտելը չէ, այլ ուտելու և չուտելու տարբերությունը ջնջելն է: Հայաստանում այսօր դժվար է որոշել՝ այն, ինչ անում է իշխանությունը՝ մարդակերությու՞ն է, թե՞ ոչ։ Պնդում եմ, հանուն իշխանության, արևելյան, մահմեդական մենթալիտետով երկրներում պայքարի ցանկացած եղանակ ընդունելի է՝ ձերբակալություններից սկսած, 5 հազար դրամ բաժանելով շարունակած և սպանությամբ վերջացրած։ Խնդիրը միջազգային կառույցների «քարտ բլանշն» է, կամ թև ու թիկունք լինելը այսպիսի իշխանությանը։ Հայաստանի քաղաքացին փախչում է թատրոնից։ Նա չի ասում՝ մի՛ եղեք բռնապետ, նա ասում է՝ խաղի կանոննե՛րը հստակեցրեք։ Այդ թատրոնի մեջ միակ ժողովրդավարականը դահլիճից հեռանալուն չխանգարելն է։ Տեքստի և խաղի մեջ ոչ մի տրամաբանություն Հայաստանի քաղաքացին չի տեսնում։ Ուստի փախչում է իր երկրից։

Այս իմաստով Հայաստանը նման է Բոզոյանին, ինքը որպես կենդանի օրգանիզմ կա, այդ օրգանիզմը նպաստում է թատերական միջավայրում խաղի որոշակի կանոններով գոյատևելուն։ Սակայն այդ օրգանիզմի մեջ աշխատում են ինչ-որ տզրուկներ, որոնք խժռում են երկիրը և որոնց իմաստն ու էությունն է խժռելը։ Չկա մեկը, որ կարողանա այդ տզրուկների դեմն առնել։ Շարքային քաղաքացուց մեր երկիրը տարբերվում է նրանով, որ իբրև աշխարհագրական տարածք որևէ տեղ ջհանդամվել չի կարող։ Պիտի մեռնի։ Անձամբ ես, առայժմ կարող եմ աղոթել միայն Սերոբ Բոզոյանի և նրանց առողջության համար, ովքեր Հայաստանի Հանրապետական կուսակցություն կոչվող մի ընդհանուր վարակի զոհ են։