Սիլիկոնային հովտում մեկնարկում է «ԱրմԹեք» համաժողովը

Դեկտեմբերի 10-11-ին ԱՄՆ Սիլիկոնային հովտում տեղի կունենա «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է «Սովորելով անցյալից և հայտնագործելով ապագան» խորագրի ներքո: Համաժողովին Հայաստանից ներկա կլինեն վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, մի շարք գործակալությունների և ընկերությունների ղեկավարներ:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը բացի «ԱրմԹեք» համաժողովին ելույթից, կայցելի Plug and Play համակարգչային ընկերությունների ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը և Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը: Նախատեսվում է նաև Intel ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն և հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

«ԱրմԹեք» համաժողովն իր հարկի տակ հյուրընկալելու է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության և բնապահպանական ինժեներիայի ֆակուլտետը: Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս բիզնես-ֆորումին հավաքվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ և այլ ներդրողներ, ինչպես նաև կառավարական բարձր պաշտոնյաներ Սիլիկոնային հովտից, Հայաստանից և այլ վայրերից: Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը:

«ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը և Հայկական միջազգային միջմասնագիտական խումբը (Groupement Interprofessionnel International Armenien-ը):

Մեկնաբանել