Դեկտեմբերի 10. եռատոն Արցախում


1991թ. դեկտեմբերը Խորհրդային Միության դե յուրե գոյության վերջին օրերն էին: Մոլորակի մեկ վեցերորդ մասը կազմող կայսրությունը դե ֆակտո փլուզվել էր արդեն օգոստոսին, երբ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի դեմ իրականացված պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո միութենական հանրապետությունները մեկը մյուսի հետևից հռչակում էին իրենց անկախությունը և անցկացնում անկախության հանրաքվեներ:

Դեկտեմբերի 10-ին Անկախության իր հանրաքվեն անցկացրեց նաև Արցախը, որը արդեն ներքաշվել էր պատերազմի մեջ: Հանրաքվեին հետևած երկու տասնյակ միջազգային դիտորդների եզրակացության մեջ ասվում էր, որ համաժողովրդական քվեարկությունն անցկացվել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից «զինված ագրեսիայի պայմաններում»: Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով «զոհվել են 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում է նկուղներում, փակ են դպրոցներն ու մանկապարտեզները», Արցախում չկա «հաց և դեղորայք»:

Արցախում Անկախության հանրաքվեի անցկացման օր էր ընտրվել դեկտեմբերի 10-ը: Այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, իսկ արցախահայության պայքարը հենց մարդու իրավունքների պայքար էր: Թեև 1991թ. դեկտեմբերին ռազմական գործողություններ էին տեղի ունենում Արցախում, սակայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքում կողք կողքի շարունակում էին բնակվել հայերն ու ադրբեջանցիները, ինչպես նաև այլ ազգությունների ներկայացուցիչներ: Այդ պատճառով է նաև, որ հանրաքվեի հարցաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն: Շուշիում և Խոջալուում, ինչպես նաև Արցախի մի քանի տասնյակ գյուղերում ապրում էին ադրբեջանցիներ: Հենց Շուշիից ու Խոջալուից էին հիմնականում հրետակոծվում Ստեփանակերտն ու հայկական բնակավայրերը:

Արցախում բնակվող ադրբեջանցիները, որոնք 1991թ. կազմում էին բնակչության ավելի քան 20 տոկոսը, Բաքվի հրահանգով չմասնակցեցին Անկախության հանրաքվեին: Նրանք կարող էին մասնակցել և «դեմ» քվեարկել, սակայն ընտրեցին բոյկոտի ճանապարհը: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 132 հազար հոգի: «Համաձա՞յն եք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար հոգի, իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ: Քվեարկության իրավունք ունեցող շուրջ 24 հազար ադրբեջանցիները չեկան ընտրատեղամասեր: Անկախության հանրաքվեից հետո ավելի ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը ղարաբաղյան հարցի լուծման այլ տարբերակ չի տեսնում, քան պատերազմն է և պատերազմում հաղթելով Արցախը հայաթափելը:

1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեին նախորդել էին մի շարք կարևոր իրադարձություններ: Նախ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի տեղական խորհրդարանը որոշում էր ընդունել, որով դիմում էր Մոսկվային, Երևանին ու Բաքվին՝ առաջարկելով մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերել և միացնել Խորհրդային Հայաստանին: Ե՛վ Մոսկվան, և՛ Բաքուն անընդունելի համարեցին արցախահայության պահանջը: Փետրվարի 20-ի որոշմանը Ադրբեջանը մի քանի օր անց պատասխանեց Սումգայիթով: 1989թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը (խորհրդարանը) և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը Երևանում համատեղ նիստում Արցախը Հայաստանին միավորվելու մասին որոշում ընդունեցին: Այդ որոշումը, սակայն, կյանքի չկոչվեց, քանի որ Հայաստանը 1991թ. հանրաքվեով իր անկախությունը հռչակեց Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններում: Ավելին, Հայաստանի բոլոր համապետական ընտրությունները անց են կացվել 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային խորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը  համատեղ նստաշրջանում հռչակվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մոտ 5000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Ապա տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն, իսկ 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նստաշրջանում ընդունվեց ԼՂՀ-ի պետական անկախության մասին հռչակագիր:

Այսպիսով, 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվով և 1992թ. հունվարի 6-ի հռչակագրի ընդունումով ամրագրվեց երկրորդ հայկական պետության գոյությունը, որ մինչև օրս չի ճանաչել և ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը: Խորհրդային Միության փլուզումն իր հետ բերեց նոր իրողություններ և հենց այդ իրողությունների պատճառով էր, որ Արցախն ու Հայաստանը մի կողմ դրեցին միավորման գաղափարը:

Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, սակայն, եթե Ադրբեջանը Արցախի անկախության ձգտումներին չպատասխաներ սումգայիթյան ջարդերով, էթնիկ զտումներով ու լայնածավալ պատերազմով, ապա այսօր մենք կունենայինք շուրջ 5000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ՝ նախկին ԼՂԻՄ-ն ու Շահումյանը:

Այսօր Արցախը ունի շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը ամրագրված է ԼՂՀ-ի մայր օրենքով՝ Սահմանադրությամբ: Այն ևս ընդունվել է դեկտեմբերի 10-ին: 2006թ. այդ օրը Արցախում անցկացվեց Սահմանադրության ընդունման հանրաքվե՝ կրկին համաժողովրդական քվեարկության միջոցով:

Միջազգային հանրությունը չի ճանաչել ոչ Անկախության հանրաքվեի, ոչ Սահմանադրության և ոչ էլ Արցախում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների օրինականությունը: Առաջիկա տարիներին ևս չպետք է ակնկալել, որ միջազգային հանրության վերաբերմունքը կփոխվի: Երբ 1991թ. ԽՍՀՄ-ը փլուզվեց, Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, ՄԱԿ-ն ու միջազգային մյուս հեղինակավոր կազմակերպությունները բանավոր համաձայնության եկան, որ ճանաչելու են Խորհրդային Միության մաս կազմող միութենական 15 հանրապետությունները միայն: Նմանօրինակ որոշում ընդունվեց նաև նախկին Հարավսլավիայի վերաբերյալ, որը կազմաված էր վեց հանրապետություններից:

2008թ. փետրվարին, սակայն, բանավոր համաձայնությունը խախտվեց, երբ Արևմուտքը ճանաչեց Կոսովոյի անկախությունը: Նախկին Հարավսլավիայի Դաշնության մաս կազմող Սերբիայի Հանրապետության կազմում Կոսովոն ուներ մարզի կարգավիճակ, ինչպես ԼՂԻՄ-ը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում: Այսօր Կոսովոն ճանաչել են ՄԱԿ-ի անդամ ավելի քան 90 պետություններ, այդ թվում Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միության պետությունների մեծ մասը: Ի պատասխան Կոսովոյի ճանաչման, Ռուսաստանը 2008թ. օգոստոսին ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործընթացը մոտ ապագայի հարց չէ: Նավթով և գազով հարուստ Ադրբեջանը շարունակում է կարևոր պետություն լինել Արևմուտքի համար: Սա իրողություն է, իսկ իրողությունն ընդունելը կարևոր է հետագա քայլերն ու գործողությունները ճիշտ որոշելու տեսանկյունից: