Հնարավոր է՝ Նյու Յորքի քաղաքապետը գնի Financial Times-ը

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը նաև Bloomberg տեղեկատվական գործակալության հիմնադիրն է, հնարավոր է՝ գնի բրիտանական Financial Times Group-ը, հաղորդում է New York Times-ը:

Financial Times Group-ը հրատարակում է Financial Times հեղինակավոր պարբերականը և 50% բաժնեմաս ունի նաև Economist պարբերականում:

Այս տարի հոկտեմբերին Բլումբերգն այցելել էր Financial Times-ի լոնդոնյան գլխամաս: Ի պատասխան հարցին՝ չի ցանկանում գնել թերթը, նա պատասխանել էր, որ դա ամեն օր է անում:

Ըստ New York Times-ի՝ Բլումբերգը իր բարեկամների և ընկերների հետ մեկ անգամ չէ քննարկել թերթի գնման դրական և բացասական կողմերը:

Financial Times Group-ի սեփականատեր Pearson ընկերությունը չի հրապարակում նրա ֆինանսական ցուցանիշները: Փորձագետները Financial Times-ը գնահատում են $1,2 մլրդ:

New York Times-ի հաղորդմամբ՝ Financial Times-ի հնարավոր մյուս գնորդը Thomson Reuters-ն է՝ Bloomberg-ի գլխավոր մրցակիցներից մեկը:

2011թ. Bloomberg-ի եկամուտը կազմել է $7,6 մլրդ, Thomson Reuters –ինը՝$13,8 մլրդ:

New York Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ բրիտանական հրատարակչական խումբը կարող է վաճառվել հաջորդ տարվա սկզբին: Pearson-ը պաշտոնապես հայտարարում է, որ գնորդներ չի փնտրում: