Տաջիկստանն այսօր կդառնա ԱՀԿ անդամ

Տաջիկստանն այսօր կդառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, անդամակցության արարողությունը տեղի կունենա կազմակերպության կենտրոնակայանում՝ Ժնևում, հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի նախագահի մամլո ծառայությունը։ Տաջիկստանը կդառնա կազմակերպության 158-րդ անդամը։

«Անդամակցությունն ԱՀԿ-ին դրական գործոն է Տաջիկստանի համար, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը և Ղրղըզստանը՝ մեր հարևաններն ու ռազմավարական գործընկերները, արդեն այս կազմակերպության անդամ են։ Մեզ համար ռազմավարապես կարևոր է լինել ԱՀԿ-ում»,- կարծում է Տաջիկստանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Սայֆուլո Սաֆարովը։

Տաջիկստանի՝ ԱՀԿ-ի հետ կազմակերպության անդամ դառնալու մտադրության մասին բանակցությունների սկզբից ի վեր երկիրն ընդունել է ավելի քան 100 նորմատիվ փաստաթուղթ։ ԱՀԿ Գլխավոր խորհրդի՝ Տաջիկստանի անդամակցության հարցով նիստին մասնակցելու համար Ժնևում է կառավարական պատվիրակությունը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի գլխավորությամբ։