Մարդու իրավունքներն ամենաշատը խախտել են դատախազությունն ու ՊՆ-ն. օմբուդսմեն

Ընթացիկ տարում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը քաղաքացիներից ստացել է 5600 բողոք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` ամփոփելով 2012 թվականին մարդու իրավունքների ոլորտում կատարված աշխատանքները:

Օմբուդսմենի խոսքով` ՄԻՊ գրասենյակ դիմած քաղաքացիների մի մասին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Դիմումներից 2290-ին ընթացք է տրվել, որոնցից 820-ը համարվել է հիմնավոր բողոք: Քաղաքացիների դժգոհությունները, ըստ Անդրեասյանի, հիմնականում վերաբերել են հետևյալ կառույցներին` 167-ը` Ոստիկանությանը, 97-ը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, 91-ը` արդարադատության նախարարարությանը, 68-ը` պաշտպանության նախարարությանը, 52-ը` Երևանի քաղաքապետարանին:

Բացի այդ` օմբուդսմենը ներկայացրեց խախտման որոշումների վիճակագրությունը: 2012թ. ՄԻՊ գրասենյակը կայացրել է 31 խախտման որոշում, այդ թվում` 6-ը` Գլխավոր դատախազության, 6-ը` պաշտպանության նախարարության, 4-ը` աշխատանք և սոցիալական հարցերի նախարարության, 3-ը` արդարադատության նախարարության, 2-ը` Երևանի քաղաքապետարանի, 2-ը` Ոստիկանության, 1-ը` կրթության և գիտության նախարարության, 1-ը` արտգործնախարարության, 1-ը` Պետական եկամուտների կոմիտեի և 1-ը` պետական գույքի կառավարման վարչության նկատմամբ:

Մեկնաբանել