«Կանանց ռեսուրսային կենտրոնը» հերքում է «Կյանքի խոսք»-ի հետ իր կապը

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետ ունեցած կապի մասին մամուլում շրջանառվող լուրերը: Հաղորդագրությունում ներկայացվում է նաև ընդհանուր իրավասության դատարանի վճիռը` ըստ «Կանանց ռեսուրսային կետրոն» ՀԿ-ն ընդդեմ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի հայցի:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «2012թ. դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Արաբկիր և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Հովսեփյանի կողմից հրապարակվեց վճիռը` ըստ «Կանանց ռեսուրսային կետրոն» ՀԿ-ն ընդդեմ «Զարուհի հրատարակչական տուն» ՍՊԸ-ի հայցի, որով դատարանը վճռեց ««Զարուհի հրատարակչական տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Ռուսլան Թաթոյանին պարտավորեցնել «ընտանիք քանդող» և «գրանտածիծ» արտահայտությունների միջոցով «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրել` ներողության տեքստը www.zaruhi.com կայքէջում տեղադրելու միջոցով: Դատարանը որոշեց նաև պատասխանողներից բռնագանձել 50.000 ՀՀ դրամ հօգուտ ԿՌԿ-ի որպես փոխհատուցման գումար»:

Հարգելով ՀՀ դատական իշխանությունը և արդարադատությանը չխոչընդոտելու համար այս ամենին անդրադառնում ենք միայն դատարանի վճռի հրապարակումից հետո:

Նշենք միայն, որ ինչպես ողջ դատավարության ընթացքում «Զարուհի» ամսագրի անձնակազմը ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի ակտիվ մասնակցությամբ և խրախուսանքով անհիմն կերպով հարձակում էին գործում ԿՌԿ-ի վրա` տարածելով անհեթեթ տեսանյութեր և հոդվածներ ԿՌԿ-ի և «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության միջև իրենց իսկ կողմից հորինված կապի մասին: Ինչպես պարզեցինք ավելի ուշ, միակ կապը, որ կարելի է տեսնել մեր միջև այն է, որ 2011թ. «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը ևս հայց էր ներկայացրել դատարան կրկին Հ.Բաբուխանյանի ղեկավարությամբ հրապարակվող «Իրավունք» ամսագրի դեմ նույն վիրավորանքի և զրպարտության հոդվածով: Այս ամենը խոսում է ոչ թե հայցվորների ենթադրյալ կապի, այլ պատասխանող «Իրավունք» շաբաթաթերթի և «Զարուհի» ամսագրի` նույն անձանցից բաղկացած խմբագրական և լրագրողական անձնակազմի ոչ պրոֆեսիոնալ գործունեության մասին: Ինչպես պարզվեց դատավարության ընթացքում, լրագրող Ռուսլան Թաթոյանը իր այսպես կոչված «կարծիքը» ԿՌԿ-ի մասին կազմել և արտահայտել էր` երբևէ ներկա չգտնվելով ԿՌԿ կազմակերպած որևէ միջոցառման և ծանոթ չլինելով կազմակերպության գործունեության ոլորտներին:

Նշենք նաև, որ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը դեռ դատավարությունը չավարտված, իր անձնական շահերի համար օգտագործելով ժողովրդի կողմից ՀՀԿ-ին վստահված պատգամավորական մանդատը, շտապեց օրենսդիր մարմնում պախարակել հասարակական կազմակերպություններին` կրկին շեշտելով «Կանանց ռեսուրսային կենտրոնի» անունը:

Նույնիսկ վճռի հրապարակումից հետո դատարանի դահլիճում «Զարուհու» լրագրող Ռուսլան Թաթոյանը դրսևորեց լկտի պահվածք` դիմելով ԿՌԿ ներկայացուցիչներին ատելության կոչերով`«դուք իրավունք չունեք ոչ միայն հայ կին կոչվելու, այլ նաև ապրելու», «գնացեք մեռեք»:

ԿՌԿ-ն միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ և բոլորի նկատմամբ հարգալից վերաբերմունքով: Այս դեպքում ևս փորձում ենք հանդուրժող լինել մեր հետ պայքարի այս յուրահատուկ և գռեհիկ ձևն ընտրած մի խումբ հայ տղամարդկանց հետ` հասկանալով, որ հավանաբար վերջիններս ինքնահաստատման և հասարակական ճանաչման այս տարբերակն են գերադասում: Այնուամենայնիվ, լինելով մարդու իրավունքների, այդ թվում` խոսքի ազատության առաջին ջատագովներից, կոչ ենք անում այդ իրավունքը չարաշահող լրատվամիջոցներին ջանք ու եռանդ ներդնել ոչ թե աջ ու ձախ բոլորին անհիմն պախարակելու, այլ հասարակությանը ստուգված և հիմնավոր տեղեկատվություն ներկայացնելու իրենց առաքելության համար»:

Մեկնաբանել