Երշիկում մսի մասնաբաժինը կազմել է ընդամենը 16%. ՏՄՊՊՀ

Անցած տարի ապրիլին թվով 11 մսամթերք արտադրող անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել էր 500-հազարական դրամով, երեկ արդեն 21 տնտեսավարող է տուգանվել հասույթի 1%-ի չափով։ Խորհրդային տարիներին երշիկի արտադրությունում օգտագործվող ստվարաթուղթը հայ արտադրողները փոխարինել են սոյայով ու օսլայով։ Պարզվում է՝ երշիկեղենի որոշ տեսակների մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16%-ը։

Դեկտեմբերի 10-ին ՏՄՊՊՀ հերթական նիստում հրապարակվեցին մսամթերք արտադրողների շրջանում կատարված ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ 21 արտադրող։

Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի՝ երշիկեղենի շուկայում արտադրողների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ փաթեթավորման վրա չեն նշվել երշիկի պատրաստման ընթացքում օգտագործված իրական բաղադրիչները: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս։ Իրականում օգտագործվում է մեծ քանակությամբ սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն։ Այս մասին սպառողները չեն տեղեկացվում։

Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կգ-ի գինը կազմել է Դ700-800: Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև մսի շուկայում գնագոյացման ուսումնասիրություն։ «Արդյունքները հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կգ-ը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է տեղական խոզի կամ տավարի միս, այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի թանկ է»,– նշեց Շաբոյանը։

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք օրենսդրական բացեր։ «Որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16%-ը, ինչը քիչ քանակություն է»,– ասաց Շաբոյանը։ Մյուս կողմից՝ մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե որքան պետք է լինի մսի պարունակությունը, կամ ինչ բաղադրիչներ թույլատրելի չեն արտադրությունում։ Հանձնաժողովը օրենսդրական բացերի հետ կապված՝ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթ։

Մսամթերքի արտադրության շուկայում ՏՄՊՊՀ-ի անցած և այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրներն ավելի շուտ համակարգային են և տուգանքներով չեն լուծվում։ 2011թ. ապրիլին ընկերությունները տուգանվել էին, քանի որ արտադրանքի փաթեթավորման վրա չէին նշել արտադրության տարեթիվը, ամիսը և օրը։ Այս բացը վերացվել է, փոխարենն ի հայտ են եկել այլ խնդիրներ։

Երշիկեղենի ու այլ ապրանքատեսակների շուկաներում ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը պատշաճ չի իրականացվում։ Ընդ որում՝ հանձնաժողովի բացահայտումը, որ երշիկներում մսի պարունակությունը չի գերազանցում 16%-ը, հիմնված է ոչ թե լաբորատոր ստուգումների, այլ փաստաթղթերի ուսումնասիրության վրա։ Չի բացառվում, որ լաբորատոր ստուգումների արդյունքում բացահայտվի, որ երշիկներն ընդհանրապես պիտանի չեն սպառման համար։

Մի շարք երկրներում, օրինակ, հստակ կանոնակարգված է երշիկեղենում մսի նվազագույն պարունակության չափը։ Ռուսաստանում, Բելառուսում մսային երշիկում մսի պարունակությունը 60%-ից պակաս չի կարող լինել, Ուկրաինայում՝ 70%-ից։

Մեկնաբանել