Ադրբեջանը և Թուրքիան` քրիստոնյաներին հալածող երկրների թվում. Open Doors

Աշխարհում վտանգ է սպառնում մոտ 100 մլն քրիստոնյայի: Այս մասին են վկայում «Բաց դռներ» (Open Doors) միջազգային իրավապաշտպան քրիստոնեական կազմակերպության տվյալները: Վերջինս հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ քրիստոնյաները հալածվում են և չեն կարողանում ազատորեն դավանել իրենց կրոնը:

Ըստ Open Doors-ի` քրիստոնյաներն ամենաշատը հալածվում են Հյուսիսային Կորեայում, ամենաքիչը` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում: Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան, Սոմալին, էրիթրեան, Իրաքը և Իրանը քրիստոնյաների նկատմամբ գործադրում են տարատեսակ ճնշումներ: Ըստ կազմակերպության` քրիստոնյաների համար վտանգ ներկայացնող 50 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է 25-րդ, Թուրքիան` 31-րդ տեղը:

Թուրքիան թեև վավերացրել է միջազգային բոլոր պայմանագրերը և պարտավորվել է պաշտպանել քրիստոնյաների իրավունքները, սակայն իրականում վերջիններս չեն համարվում Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ, գրում է Open Doors-ը: Ըստ կազմակերպության` քրիստոնյաները թուրքական ազգայնականության հիմնական թիրախն են:

Բացի այդ` հասարակությունը քրիստոնյաներին դիտում է որպես օտար երկրի գործակալներ, հայրենիքի դավաճաններ: Թուրքիայի կառավարությունը չի թույլատրում եկեղեցիների կառուցումը, իսկ կրոնական դպրոցների բացումը և դասընթացների անցկացումն արգելված է: Ճնշման են ենթարկվում նաև պետական հիմնարկներում աշխատող քրիստոնյաները: Բացի այդ` թե´ քաղաքական տարբեր շրջանակներում, թե´ մամուլում բազմաթիվ են քրիստոնյաների դեմ ատելություն սերմանող հրապարակումները: Եկեղեցիներ հաճախողները հայտնվում են թուրքական ոստիկանության և հետախուզական ուժերի ուշադրության կենտրոնում: Նշվում է, որ Թուրքիան պաշտոնապես ճանաչում է միայն Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիները: Կազմակերպության տվյալների համաձայն` Թուրքիայում ապրում է շուրջ 100 հազ. քրիստոնյա:

Նշենք, որ 1955թ. հիմնված Open Doors կազմակերպության նպատակն է պաշտպանել տարբեր երկրներում ճնշումների և հետապնդումների ենթարկվող քրիստոնյաներին:

Մեկնաբանել