Եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, արտակարգ լիազորությունները Մուրսիին պետք չեն գա

Զանգվածային ցույցերի ճնշման ներքո Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին գնաց երկրում քաղաքական նոր ճգնաժամի սկսվելուց ի վեր ամենալուրջ զիջումներին։ Նա չեղյալ հայտարարեց նոյեմբերի 22-ի Սահմանադրական հռչակագիրը, որը պառակտել էր հասարակությունը՝ Եգիպտոսը կանգնեցնելով քաղաքացիական պատերազմի շեմին։ Պետության ղեկավարը հրաժարվեց արտակարգ լիազորություններից, որոնցով օժտել էր իրեն, սակայն պնդում է, որ նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն անցկացվի նշանակված ամսաթվին՝ դեկտեմբերի 15-ին։ Ընդդիմությունը կտրականապես դեմ է։

Սահմանադրական հռչակագրի չեղյալ հայտարարման մասին Մուրսին հայտարարեց լույս կիրակի գիշեր՝ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ զրահամեքենաներով շրջափակված նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպման ավարտին։ Ընդդիմության հիմնական միավորման՝ Ազգային փրկության ճակատի ղեկավարները բանակցությունները բոյկոտել էին։ Արդյունքում նախագահի հակառակորդներին ներկայացնում էին վրդովված եգիպտացիների վրա նվազ ազդեցություն ունեցող շարժումների ներկայացուցիչները։

Ընդդիմությանը սկզբունքորեն դուր չի գալիս երկու բան։ Առաջին՝ Մուհամադ Մուրսիի՝ նոր Սահմանադրության (որի նախագիծը մշակել են գրեթե բացառապես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ու էլ ավելի արմատական սալաֆիական «Ան Նուր» կուսակցության իսլամիստները) հաստատման հասնելու համառ ցանկությունը։ Եթե հիմնական օրենքն ընդունվի հանրաքվեում, նախագահին առանձնապես պետք չեն գա արտակարգ լիազորությունները, որ նա իրեն շնորհել էր նոյեմբերի 22-ին․ Եգիպտոսն առանց այդ էլ կգնա իսլամական պետության ստեղծման ճանապարհով։ Երկրորդ՝ Մուրսիի հակառակորդներին վախեցնում է վերջին շրջանում հստակ նկատվող միտումը․ նախագահը փորձում է իր կողմը գրավել բանակը՝ հույս ունենալով նրա օգնությամբ ճնշել բողոքի ակցիաներն ու ապահովել երկրի նկատմամբ վերահսկողությունը։

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է գրեթե բոլոր արտոնությունների պահպանում, որ բանակն ուներ Հոսնի Մուբարաքի օրոք։ Ընդդիմության համար ահազանգող է դարձել զինվորականների արձագանքը վերջին իրադարձություններին։ «Զինված ուժերը վստահ են, որ երկխոսությունը համաձայնության հասնելու միակ ճանապարհն է։ Հակառակ դեպքում երկրին կսպառնա աղետ, որը մենք ոչ մի կերպ չենք կարող թույլ տալ»,- նախազգուշացրել էր Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը:

Ինչպես կարծում է եգիպտացի քաղաքագետ Հասան Աբու Տալեբը, այդպիսով բանակային վերնախավը ճնշում է գործադրում Ազգային փրկության ճակատի առաջնորդների վրա` մղելով նրանց նախագահի հետ բանակցությունների: Որոշ փորձագետներ չեն բացառում իսլամիստների դաշինքը գեներալների հետ. արտոնությունների պահպանման դիմաց զինվորականները ստիպված կլինեն հրաժարվել աշխարհիկ պետության սկզբունքներից, որի երաշխավորը ավանդաբար համարվել են: Այլ վերլուծաբանների կարծիքով` զինվորականները միայն ցույց են տալիս Մուհամադ Մուրսիի հետ համագործակցելու պատրաստակամությունը, սակայն կրիտիկական պահին դժվար թե օգնության հասնեն նրան:

Մեկնաբանել