Գուցե վերջում որոշեն, որ մենք ծայրահեղակա՞ն ենք. Միխայիլ Պիոտրովսկի

Պետերբուրգյան Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին դիմել է քաղաքի դատախազություն՝ խնդրելով պարզել նամակների հետ կապված իրավիճակը, որոնցում քաղաքացիները բողոքում են Չեփմեն եղբայրների «սրբապիղծ» ցուցահանդեսի դեմ:

Էրմիտաժում դատախազության ստուգումների մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 7-ին: Ստուգումների առիթ են հանդիսացել Դինոս և Ջեյք Չեփմենների «Խրախճանքի ավարտը» խորագրով ցուցահանդեսի դեմ տասնյակ բողոքները: Քաղաքացիներին վրդովեցրել է խաչված ծաղրածուների և արջուկների պատկերը. նրանք դատախազություն են դիմել՝ Էրմիտաժի և գլխավոր տնօրեն Պիոտրովսկու գործողություններում ծայրահեղականության տարրերի առկայությունը ստուգելու համար:

«Բրիտանացի երիտասարդ նկարիչների» խմբի մասնակիցներ Դինոս և Ջեյք Չեփմենների ցուցահանդեսն Էրմիտաժում բացվել է 2012թ. հոկտեմբերի 20-ին և գործելու է մինչև 2013-ի հունվարի 13-ը:

Ցուցահանդեսն իրենից ներկայացնում է «եռաչափ կոլաժ»՝ կազմված ապակե ցուցափեղկում տեղադրված նացիստների փոքր պլաստմասե արձանիկներից: Նկարիչների մտահղացմամբ՝ «ցուցափեղկերը դժոխքի միասնական պատկերն են, որում նացիստներն անընդմեջ իրար են սպանում»:

Պիոտրովսկու բնութագրմամբ՝ ցուցադրությունն ունի հականացիստական բնույթ և ստեղծված է համաշխարհային արվեստում Ահեղ դատաստանը պատկերելու ավանդույթի ոգով:

Էրմիտաժի արևելյան թևում ցուցադրության են դրված Չեփմենների «Խրախճանքի ավարտը», «Վնասել՝ խոցելով՝ վիրավորելու համար» և «Պատերազմի արհավիրքները» աշխատանքները:

BBC-ի հետ զրույցում Չեփմենները հայտարարել են, որ «ծայրահեղ ցավում են», որ ցուցահանդեսի որոշ այցելուների «ծայրահեղ վրդովեցրել է» տեսածը, և հույս են հայտնել, որ դատախազը կընդունի իրենց «ծայրահեղ ներողությունը»: Զրույցի ավարտին նկարիչներն ասել են, որ «այլևս ոտք չեն դնի Ռուսաստան»:

Իր հերթին Էրմիտաժի գլխավոր տնօրեն Պիոտրովսկին ասել է. «Համաշխարհային հռչակ ունեցող վարպետների աշխատանքները ցուցադրող թանգարանները չպետք է վախենան նրանից, որ ամեն ոք իրենց դեմ կարող է լարել դատախուզությանը: Նման իրավիճակում դատախազությունից մեր պատվի ու արժանապատվության պաշտպանություն պահանջելու իրավունք ունենք: Գուցե վերջում որոշեն, որ մենք ծայրահեղակա՞ն ենք»:

Անգլիացի կոնցեպտուալ նկարիչներ Ջեյք և Դինոս Չեփմենները գրեթե միշտ միասին են աշխատում: 2003թ. առաջադրվել են ժամանակակից արվեստի բնագավառում եվրոպական ամենահեղինակավոր՝ Թերների մրցանակի: Եղբայրներն իրենց աշխատանքները ստեղծում են պլաստիկ մոդելների միջոցով: Սադրանքների սիրահար Չեփմենները՝ մարմնական և հոգեբանական ծայրահեղությունների հանդեպ իրենց կրքով հաճախ սկանդալների պատճառ են դառնում:

Մեկնաբանել