Դեկտեմբերի 23-ին Արցախում կկայանան Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ թիվ 10 և 15 ընտրատարածքներում։ Այդ ընտրատարածքներից պատգամավորներ Զոյա Լազարյանը և Վլադիմիր Կասյանը նշանակվել էին համապատասխանաբար ԼՂՀ առողջապահության նախարար և Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավար, ինչի հետևանքով թափուր պատգամավորական տեղերի համար նշանակվել են ԱԺ լրացուցիչ ընտրություններ։ Ընտրություններն աչքի չեն ընկնում մրցակցությամբ։ Արցախյան որևէ կուսակցություն թեկնածու չի առաջադրել։ Թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է միայն մեկ թեկնածու, իսկ Մարտակերտի և Ասկերանի որոշ գյուղեր ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում պայքարում է երկու թեկնածու։ Իշխանության թեկնածուն հանքարդյունաբերողների շահերը ներկայացնող 58-ամյա Նելսոն Ստեփանյանն է՝ Դրմբոնի հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» ՓԲԸ-ի օպերատիվ ծառայության պետը։ Նրա մրցակիցը կանաչ տնտեսության կողմնակից, Պողոսագոմեր գյուղի դպրոցի ուսուցիչ 26-ամյա Վարդան Առուստամյանն է։ Նա պատասխանել է «Օրակարգի» հարցերին։
— Պարոն Առուստամյան, պատգամավոր ընտրվելու դեպքում կլինեք ԼՂՀ ԱԺ ամենաերիտասարդ պատգամավորը: Ի՞նչը դրդեց Ձեզ մասնակցելու ընտրություններին:
— Ես շատ եմ շփվում երիտասարդների, պատերազմի մասնակիցների, տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ: Հաճախ եմ լինում տասներորդ ընտրատարածքը ներառող գյուղերում: Կան բավականաչափ խնդիրներ, որոնք մտահոգում են մարդկանց, սակայն այդպես էլ չեն բարձրաձայնվում և լուծում չեն ստանում: ԱԺ լրացուցիչ ընտրությունները հարմար առիթ են խնդիրները բարձրացնելու պատասխանատվությունը վերցնելու համար: Հենց այդ պատճառով էլ հավակնում եմ պատգամավոր դառնալ՝ իրականացնելու խորհրդարանի անդամի հիմնական ֆունկցիաներից մեկը՝ ներկայացուցչական գործառույթը:
— Բայց պատգամավորը միայն ներկայացուցչական գործառույթ չունի:
— Ճիշտ եք, պատգամավորը նաև ունի օրենսդիր, վերահսկող և այլ գործառույթներ: Սակայն Արցախն իր յուրահատկություններն ունի: Մեր Ազգային ժողովն ավելի շատ զբաղված է ՀՀ-ում ստեղծված օրենքների տեղայնացմամբ: Թեև նոր օրենքների կարիք էլ կա, մասնավորապես՝ բնապահպանության և ընդերքի շահագործման ոլորտներում: Ինչ վերաբերում է խորհրդարանի վերահսկողական ֆունկցիային, ապա կարծում եմ, որ այդ գործառույթն արդյունավետ իրականացնելու համար Ազգային ժողովում կուռ թիմ է պետք, ինչը չկա: Հենց այս պատճառներով է, որ ես ավելի շատ կարևորում եմ ներկայացուցչական ֆունկցիան, որովհետև մեր ժողովուրդն առավելապես դրա կարիքն ունի: Իմ գլխավոր խնդիրը լինելու է առավելագույնս ներկայացնել տասներորդ ընտրատարածքի բնակիչների խնդիրները պետական տարբեր մարմիններում, օգտագործել խորհրդարանական ամբիոնը և պատգամավորի պաշտոնը մեր բնակիչների օրինական շահերի պաշտպանության համար:
— Դուք նշեցիք բնապահպանության և ընդերքի շահագործման ոլորտներում նոր օրենքների անհրաժեշտության մասին: Ի՞նչ նկատի ունեք:
— Տասներորդ ընտրատարածքը ներառում է նաև գյուղեր, որոնց տարածքները ներառված են ընդերքի շահագործման տարբեր ծրագրերում: Ես ընդհանրապես կողմ եմ բնապահպանական ուղղվածություն ունեցող տնտեսությանը, սակայն եթե նույնիսկ գնում ենք ընդերքի շահագործմանը, ապա պետք է անել ամեն ինչ, որպեսզի ժողովո՛ւրդը ստանա առավելագույն շահույթը, այսինքն՝ հանքօգտագործողների համար հարկավոր է բարձրացնել հարկերը: Օրենսդրական հենց այս փոփոխությունների մասին է խոսքը: Մեր ընտրատարածքում կան մի շարք գյուղեր, որոնք գազաֆիկացված չեն: Գազաֆիկացման հարցը լուծելով՝ հնարավորություն կունենանք խնայել անտառները:
— Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ են ընթանում երկու ընտրատարածքներում, որտեղ մրցակցությունն այնքան էլ մեծ չէ կամ չկա։ Օրինակ՝ Շուշին և Ասկերանի որոշ գյուղեր ներառող թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու, իսկ Դուք միայն մեկ մրցակից ունեք։ Ինչո՞վ կբացատրեք մրցակցության պակասը։
— Ցավոք, Արցախում քաղաքական դաշտը ոչ մրցակցային է, ինչը խոչընդոտում է երկրի զարգացումը։ Ինձ համար զարմանալի է, որ քաղաքական ուժերը չցանկացան օգտվել լրացուցիչ ընտրությունների հնարավորությունից և առաջադրել իրենց թեկնածուներին։ Փաստորեն, եթե ես չառաջադրվեի, 15-րդ ընտրատարածքի պատկերը կունենայինք նաև մեր ընտրատարածքում։ Առանց մրցակցության, առանց ջանքերի ընտրված պատգամավորը միշտ էլ կհամարի, որ որևէ պարտավորություն չունի ընտրողների առջև, ավելին՝ մեկ թեկնածուն կարող է նույնիսկ քարոզարշավ չանել, չհանդիպել ընտրողների հետ, չլսել նրանց։ Նման վիճակն աննորմալ է, դա խոսում է նաև Արցախի քաղաքական կյանքում առկա վակուումի մասին։
Զրուցել է Նվարդ Հովհաննիսյանը