Դեպի կալվածատիրություն

Արցախում զարգացած գյուղատնտեսություն ունենալու հարցը ամենաշատ քննարկվողն է, հսկայական գումարներ և ջանք են ծախսվում դրա համար, պատվիրվում հետազոտություններ ոլորտի հայտնի դեմքեր հանդիսացող մասնագետների մասնակցությամբ, կազմակերպվում բարձր մակարդակի այցեր զարգացած երկրների գյուղատնտեսությանը ծանոթանալու համար։ Սակայն արդյունքներն առավել քան հուսահատեցնող են. գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը գոհացնող չէ, գյուղերն ու մանր գյուղացիական տնտեսություններն ավելի են աղքատանում։

Սրա հիմնական պատճառը Արցախի անարդյունավետ կառավարումն է, բիզնեսի և իշխանության անօրինակ սերտաճումը։ Արցախի վարչապետն ու փոխվարչապետը խոշոր հողատերեր են, բազմաթիվ պաշտոնյաներ՝ տեղական թե հանրապետական մասշտաբի, նույնպես պատկանում են խոշոր հողատերերի թվին։ Վարի ու հունձքի ժամանակ գյուղացիները բողոքում են տրակտորների բացակայությունից, այն դեպքում, երբ բյուջեի միջոցների հաշվին ստեղծվել են առնվազն հինգ խոշոր մեքենատրակտորային կայաններ՝ ավելի քան 400 միավոր տեխնիկայով։ Ժողովրդի միջոցների հաշվին ձեռք բերված այս տեխնիկան նախևառաջ սպասարկում է խոշոր հողատերերին՝ պարզ պատճառաբանությամբ, որ ավելի արդյունավետ է աշխատել հարյուրավոր հեկտարների վրա, քան երկու-երեք հեկտար մանր հողակտորների։ Արդյունքում իր հողակտորը մշակելու համար վարկ վերցրած գյուղացին այդպես էլ չի կարողանում շահույթ ստանալ և մնում է վարկի տակ՝ հաջորդ տարի արդեն չմշակելով հողակտորը։ Սա հիանալի նվեր է խոշոր հողատեր-պաշտոնյաների համար, որոնք լքված հողերի հաշվին հնարավորություն ունեն մեծացնել իրենց կալվածքները և մշակել դրանք բյուջեի հաշվին գնված տեխնիկայով։

Գյուղացիական տնտեսություններին զգալիորեն աղքատացրել է նաև գյուղական վարկավորումը։ Թվում էր, թե հակառակը պետք է լիներ, և գյուղատնտեսության մեջ բանկային գումարների ներգրավումը թույլ էր տալու լրացուցիչ արդյունք ունենալ։ Սակայն գումարների ոչ նպատակային օգտագործումը, ինչպես նաև վերոնշյալ աննպաստ պայմաններն ուղղակի նոր պարտքերի մեջ գցեցին գյուղացիներին։ Սրա ելքը բնակիչները տեսնում են ոչ այլ կերպ, քան գոնե տան երիտասարդներին քաղաք ուղարկելով։

Անասնապահությունը նույնպես սպասված արդյունքները չի տվել, գլխաքանակի ավելացմանն ուղղված գումարներն ու ստացված արդյունքը խիստ անհամապատասխան են։ Սրան ավելանում է Արցախում վերջերս բացված միակ սպանդանոցի գործոնը։ Խոշոր եղջուրավոր անասունների միսը շուկա հանելու միակ ձևը սպանդանոց տանելն է, որի սահմանած գները լուրջ բողոք են առաջացնում գյուղացիների մոտ։ Դժվար չէ կռահել, թե ում է պատկանում սպանդանոցը։

Անարդյունավետությունը գյուղատնտեսության ոլորտում առիթ է տվել մտածել խնդիրների մասին։ Քաղաքական ուժերի մի մասը եկել է այն եզրահանգման, որ հարկավոր է փոքր հողակտորների խոշորացում։ Հավանաբար այս կարծիքը հաղթող դուրս կգա, և շուտով Արցախում ականատես կլինենք խոշորացման գործընթացի։ Եթե որոշ մտահոգ համայնքապետներ խոշորացումը տեսնում են գյուղացիական կոոպերատիվների տեսքով, երբ բոլոր հողատեր գյուղացիները կմիավորեն իրենց հողակտորները մեկ կոոպերացիայում՝ դառնալով ընկերության փայատեր, պաշտոնյա-կալվածատերերը բնականաբար փորձելու են այն ծառայեցել իրենց կալվածքների ընդարձակման համար։

Ինչպես նշեցի, գյուղացուն հողից զզվեցնելու ձևն արդեն գտել են։ Բիզնեսի և իշխանության սերտաճումը այլ ելք չի էլ ենթադրում, քան այդ սցենարը։ Սցենար, որ հասարակություններին տանում է համընդհանուր աղքատացման ու թուլացման։

Մեկնաբանել