«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի խորհրդի նախագահը Ս. Սարգսյանի հետ քննարկել է Հայաստանի հետ հետագա համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Բորիս Կովալչուկը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, խոսել զարգացման առաջնահերթությունների մասին և քննարկել էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ հետագա համագործակցության ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի Կովալչուկը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հանդիպմանը նախագահը Բորիս Կովալչուկին շնորհավորել և հանձնել է պարգևը: