ԱՄՆ Սիլիկոնյան հովտի «Փլագ էնդ փլեյ» տեխնոլոգիական կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Այնուհետ «Փլագ էնդ փլեյ» կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:
«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` զարգացած պետություններ, այստեղ բացել են իրենց ներկայացուցչությունները, որովհետև Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիս: Հայաստանի համար դա առավել կարևոր է, քանի որ առանց Սիլիկոնյան հովտի հետ ամենօրյա կապի, հնարավոր չէ հետևել ժամանակակից զարգացումներին, իսկ արագ փոփոխվող աշխարհում մենք պարտավոր ենք իմանալ բոլոր թարմ նորությունները: Ցանկանում եմ նշել, որ այս ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների և մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր և միջին ընկերություններ՝ հայկական ներուժի մասնակցությամբ»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր համագործակցության ներքո՝ 50-50 հարաբերակցությամբ վենչուրային հիմնադրամի ստեղծումը, որը ևս կնպաստի ՏՏ բնագավառի զարգացմանը:
Վարչապետն այնուհետև ընդգծել է «Ինթել»-ի հետ հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի Հայաստանում: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանում իրենց կենտրոններն ունեն նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ»-ը և «Դե-լինք»-ը: Վարչապետի կարծիքով՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր թափ են հաղորդելու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը:
Անդրադառնալով Հայաստանում ՏՏ բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման մասին հարցին՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայում ոլորտը կառավարությունից տարեկան պահանջում է առնվազն հազար բարձրակարգ շրջանավարտ: Նրա խոսքով` այս բնագավառում ստեղծվող աշխատատեղերն ապահովում են բարձր վարձատրություն և ունեն մեծ արտադրողականություն: