Հայաստանը կհամագործակցի IBM-ի հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող IBM ընկերության կենտրոնակայան:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, IBM-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:

Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:

Աշխատանքային խումբը մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և IBM-ի միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին:

Նշենք, որ IBM-ն աշխարհում առաջատարն է գյուտերի արտոնագրման սանդղակում ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև ֆունդամենտալ գիտության տարբեր բնագավառներում:

Մեկնաբանել