Apple-ը մտադիր է կոնտեքստային ֆոտոզանգեր արտոնագրել

Այսօր շատերը կոնտակտային հեռախոսահամարներին կցում են նաև լուսանկարներ, և զանգի ընթացքում զանգահարողի անունը կարդալու անհրաժեշտություն այլևս չի առաջանում: Սակայն Apple-ը մտադիր է կատարելագործել այս գործառույթը` դարձնելով այն ավելի հարմար և դինամիկ: Այս մասին ասված է ընկերության ներկայացրած արտոնագրային նոր հայտում:

Արտոնագրի համաձայն` նախատեսվում է յուրաքանչյուր գրանցված համարին կցել ոչ թե մեկ, այլ մի քանի լուսանկար, և սմարթֆոնն ինքնուրույն, կոնտեքստով պայմանավորված, ընտրություն կկատարի: Օրինակ, երբ ընկերդ զանգահարում է աշխատավայրից, սմարթֆոնը կցում է ընկերոջ` աշխատավայրում եղած լուսանկարը, իսկ եթե զանգահարում է օգտագործողի` արտասահմանում գտնվող հարազատներից մեկը, ապա ավտոմատ ընտրվում է տեղանքին համապատասխան լուսանկարը: Արդյունքում` լուսանկարները զանգը դարձնում են ավելի ինֆորմատիվ:

Արտոնագրային փաստաթղթում նշվում է, որ լուսանկարը կարող է պահվել կա´մ սմարթֆոնի հիշողությունում, կամ` Apple iCloud «ամպային» ծառայությունում:

Հեռախոսի տերը կարող է նաև գնահատել այդ լուսանկարները, որպեսզի համակարգը տեղեկանա դրանց օգտագործման առաջնայնության մասին: Ավելին` համակարգը հաշվի կառնի նաև լուսանկարների` գիշերային և ցերեկային ժամերին արված լինելը:

Մեկնաբանել