Անընդունելի է, որ ԲՀԿ-ն քաղաքական դիրքորոշում չի արտահայտում. Ա.Մարտիրոսյան

Որոշ քաղաքական ուժեր սպասում էին ԲՀԿ-ի հայտարարությանը, սակայն «Ժառանգության» դեպքում դա այդպես չէր, մենք աշխատում էինք մեր օրակարգով. նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում:

ԲՀԿ-ի որոշումը, ըստ Մարտիրոսյանի, «Ժառանգության» վրա նշանակություն ունի «այնքանով, որքանով քաղաքական դաշտի խաղացողներից մեկը որոշեց այլևս չմասնակցել պայքարին»: «Ես հասկանում և ընդունում եմ, որ ԲՀԿ-ից որևէ մեկը կարող է չառաջադրվել, բայց ինձ համար լիովին անհասկանալի ու անընդունելի է, որ խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժը կարող է քաղաքական դիրքորոշում չարտահայտել, ձեռքերը ուժաթափ վայր թողնել»,- ասաց նա:

Ընդդիմադիր համագործակցության հեռանկար Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ի հետ չի տեսնում: «ԲՀԿ-ի հետ, թերևս, հանդիպելու, քննարկումների անհրաժեշտություն այլևս չկա,- նշեց նա:- Ակնհայտ է, որ մեզ մոտ խոշոր կապիտալը չի կարող աշխատել իշխանության վերահսկողությունից դուրս»:

ԲՀԿ-ի ընտրազանգվածի կողմնորոշումները դժվար է կանխատեսել, քանի որ, ըստ Մարտիրոսյանի, դրանց վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ առաջադրվող թեկնածուների առաջարկները: «Պետք է նշեմ, որ այդ էլեկտրորատը շատ փոքր ժամանակահատվածում դարձավ «Բարգավաճ»-ի էլեկտորատը. մի մասը՝ հուսալով ավելի բարեկեցիկ կյանք, մյուս մասը՝ հուսալով, որ այն կպայքարի գործող իշխանության դեմ»,- նշեց նա:

Ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումը ևս նա քիչ հավանական է համարում: «Ես ազնիվ կլինեմ մեր քաղաքացիների նկատմամբ. հավաքական թեկնածուի հավանականություն ևս չեմ տեսնում, թեպետ երկու ուժեր՝ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն, աշխատում են այդ ուղղությամբ: Սակայն դեռ չեմ կարող ասել, թե որքանով հնարավոր կլինի»,- նշեց նա:

Բարեփոխումների միակ աղբյուրը, ըստ Մարտիրոսյանի, քաղաքացիների ակտիվ պայքարն է, ճնշումն իշխանության վրա, որի արդյունքում միայն իշխանությունը կգնա փոփոխությունների:

Դեկտեմբերի 22-ի համաժողովին կհայտարարվի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին: Մարտիրոսյանը նշեց, որ քննարկումները դեռ շարունակվում են, և եթե գտնվի «նույնքան խարիզմատիկ գործիչ, որքան Րաֆֆի Հովհաննիսյանը», թերևս, նա կզիջի: Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ այդպիսի գործիչ կարող է լինել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես՝ նախորդ ընտրություններում, սակայն նա ենթադրեց, որ կարող է այս անգամ էլ ՀԱԿ-ը պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: «Չէ, ասածս «կոչ» կամ «հորդոր» չէ»,- հավելեց նա:

Մեկնաբանել