Ամերիկյան Dell ընկերությունն այլևս չի թողարկի սմարթֆոններ: Այս մասին դեկտեմբերի 11-13-ը տեղի ունեցած Dell World համաժողովին հայտարարել է ընկերության փոխնախագահ Զեֆ Կլարկը, գրում է Computerworld UK-ը:
Սմարթֆոնների փոխարեն ընկերությունը կենտրոնանալու է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող պլանշետների և սենսորային էկրաններով համակարգիչների արտադրության վրա: Windows 8-ով են աշխատում Dell-ի թողարկած Latitude պլանշետն ու XPS նոութբուքները:
Կլարկի խոսքով` ընկերությունը սմարթֆոնների շուկայում մասնակցություն կունենա ոչ թե որպես «մետաղ» արտադրող, այլ կորպորացիաների համար ծրագրային ապահովման մատակարար:
Նախկինում Dell-ը թողարկել է Android-ով աշխատող մի քանի սարքավորում` Aero (2010), Streak 5 (2010) և Venue (2011) սմարթֆոնները, Streak 7 (2011) պլանշետը, ինչպես նաև Windows Phone 7 համակարգով աշխատող Venue Pro (2010) սարքը:
Dell Streak սարքը առաջին «սմարթֆոն-պլանշետներից» մեկն էր` մեծ էկրանով և հեռախոսային մոդուլներով, որոնք շուկայում հայտնվեցին ներկայում այս դասի ամենահայտնի բջջային սարքավորումը համարվող Galaxy Note-ից մեկ տարի առաջ:
International Data Corporation վերլուծական ընկերության տվյալների համաձայն` Dell-ը համակարգիչներ արտադրող մեծությամբ երրորդ ընկերությունն է, որը զիջում է միայն Hewlett-Packard-ին և Lenovo-ին: