Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստում հաստատվել է Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի (MNP) ներդրման սկզբունքներն ու ժամանակացույցը, ըստ որի` Հայաստանում ծառայությունը կգործարկվի 2014թ. հունվարի 1-ից:
ՀԾԿՀ տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար կիրականացվի 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում` անվճար սկզբունքով:
Նախատեսվում է ստեղծել բջջային տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազա, որը պետք է ապահովի երեք օպերատորների կողմից հիմնադրվելիք ոչ առևտրային կազմակերպությունը։ Բազայի ստեղծման, դրա տեխնիկական, ֆինանսական առաջադրանքների լուծման և հետագա շահագործման նպատակով կկազմակերպվի և կանցկացվի մրցութային գործընթաց։
Թեև MNP-ն բաժանորդների համար նոր ծառայություն է, իսկ հեռահաղորդակցության ոլորտում՝ նոր տեխնոլոգիայի ներդրում, այդուհանդերձ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում համակարգից օգտվողների թիվը մեծ չի լինելու։ ԱՊՀ այն երկրներում, որտեղ վերջերս է ներդրվել MNP-ն, բաժանորդների հոսունությունը մեկ օպերատորից մյուսին՝ հեռախոսահամարի պահպանման ճանապարհով, չի գերազանցել ընդհանուր բազայի 1%-ը։ Սա նշանակում է, որ Հայաստանում այս ծառայությունից տեսականորեն կարող է օգտվել լավագույն դեպքում 30 հազ. բաժանորդ (Հայաստանում օպերատորների ընդհանուր բազան 3,37 մլն բաժանորդ է)։ Հաշվի առնելով այն, որ քաղաքացիների մի ստվար զանգված միանգամից մի քանի օպերատորի բաժանորդ է, ծառայությունից օգտվողների թիվը կարող է է՛լ ավելի փոքր լինել։ Ընդ որում՝ մեկ օպերատորից մյուսին «հոսունության բռնկումը» կարճաժամկետ է՝ համակարգի ներդրման առաջին ամիսներին։
Բացի այդ, հաշվի առնելով Հայաստանի բջջային հեռախոսակապի փոքր շուկան ու MNP-ի համար անհրաժեշտ ներդրումների ծավալը, օպերատորների համար այս ծառայությունը ամենայն հավանականությամբ տնտեսապես վնասաբեր է լինելու ներդրումների վերադարձելիության առումով։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ բազայի ստեղծման համար կպահանջվի մոտ $5 մլն։ Ընդ որում՝ սեփական ցանցերում համատեղելիությունն ապահովելու համար օպերատորներին անհրաժեշտ կլինի ներդնել ևս $3-5 մլն։ Բացի այս ներդրումներից՝ օպերատորները պետք է ընթացիկ ծախսեր կատարեն միասնական բազայի շահագործման համար։ Ընդհանուր առմամբ, միայն գալիք տարի երեք օպերատորները պետք է կատարեն մոտ $20 մլն-ի ներդրում։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը ավելի վաղ ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ բջջային համարների տեղափոխելիությանը: