Ես իմ ծրագրով աշխատելու եմ անկախ ընտրությունների ելքից. Պ.Հայրիկյան

Դեպի նախագահական ընտրություններ ճանապարհին ես առաջնորդվում եմ և՛ ռոմանտիզմով, դրա հիմքում սերն է, և՛ պրագմատիզմով. «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ես գիտեմ, որ հիմա կարող եմ էականորեն օգնել իմ ժողովրդին: Այստեղ չկա խաղադրույքի հարց, կա միայն հայրենիքի հարց, որին պիտի փորձես օգտակար լինել: Այսօր պայմաններն ավելի լավն են, նախագահը չի կարող քնից զարթնել և պառլամենտին բոլոր իրավունքներից զրկել: Եվ ես հավատում եմ, որ ԱԻՄ-ից ծնված Հանրապետականը կարող է և ինձ հետ լինել: Ես ընդամենը երկու տարով եմ ընտրվելու՝ ոչ Հանրապետականն է իմ ընտրվելով կորցնելու, ոչ՝ Բարգավաճը, ոչ՝ մյուսները»,- նշեց նա:

Հայրիկյանն այսօր ցանկանում է մասնակցել ընտրություններին, քանի որ ոչ նախագահական կարգավիճակում չի կարող իրականացնել իր «Կատարյալ ժողովրդավարության մոդելը»: «Նաև, Հայաստանն այսօր գոյատևում է միջազգայնորեն ընդունված հայկական տարածքների միայն 20 տոկոսի վրա՝ ես չեմ խոսում ինչ-որ օկուպացիոն տարածքների մասին, ես մեր տարածքների մասին եմ խոսում»,- նշեց նա: Թվարկված խնդիրների լուծման ուղղությամբ Հայրիկյանը շարունակելու է աշխատել՝ անկախ նախագահական ընտրությունների ելքից:

«Այն, ինչ ես ասում եմ, որ կանեմ երկու տարում, ես վստահ եմ, որ կանեմ վեց ամսում»,- նշեց նա: Հայրիկյանը կկամենար լիներ միասնական թեկնածու՝ «ոչ թե ընդդիմության միասնական թեկնածու»: «Եվ ես չեմ բացառում, որ վաղը Սերժ Սարգսյանը կասի՝ բարի, եթե դա է քո առաջարկը, քեզ կսատարեմ: Մանավանդ, որ նախագահությունը միայն հավելյալ իրավունք է իր համար, ինքը առանց դրա էլ ունի խորհրդարանական մեծամասնություն»,- ասաց նա:

Մեկնաբանել