Լրիվ ոնց-որ համալսարան

Լուրեր.com-ում այսպիսի հրապարակում կա. «Բաց նամակ՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի անարգել գործունեության մասին», որը ստորագրված է «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայցուցիչներ»:

Որպեսզի նամակի ամբողջ բովանդակությունը չփոխանցեմ ու նամակի ոգին էլ պահեմ, այն պարզապես վերապատմեմ. ԵՊՀ ռեկտորի կամ ավելի բարձր ինստանցիայի դաբրոյով Ալիկ Ղարիբյանը գանձումներ է անում ֆակուլտետների դեկաններից, ինչի դեմ էլ բողոքի իրենց ձայնն են բարձրացնում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ նամակի միջոցով հույս ունենալով «զսպել ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի անհագ ախորժակը», քանի որ ցավով են նայում «դրամաշորթության այն ծավալներին, որը անպատիժ իրակակացնում է հարազատ բուհի երիտասարդ բարձր պաշտոնյան» [մեջբերումների ուղղագրությունը բնագրինն է – Մ.Յ.]։

Դիցուք՝ բաց նամակ իրականում գոյություն ունի ու այն մտացածին չէ։ Եվ այսպես։

Ինչո՞ւ են պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները որոշել անանուն գրել։ Մի՞թե ներկայացուցիչների մեջ չկար մեկը, որ նման փաստեր շարադրելուց հետո խիզախություն ունենար ստորագրել այն։ Նամակը նվազագույնը ավելի արժանահավատ կլիներ, հետո էլ՝ 1937-ը չէ։

Ի՞նչ գումարների կամ գանձումների մասին է խոսքը։ Եթե գումարներ են գանձվում ֆակուլտետի դեկաններից և ենթադրվում է՝ ոչ դեկանի աշխատավարձից կամ էլ ֆակուլտետին համալսարանական հատկացումներից, ապա դեկանն իր հերթին ինչ-որ տեղից պիտի գանձումներ արած լինի։ Չեմ ենթադրում՝ ումից, չնայած՝ երևի պրոֆեսորադասախոսական կազմից կամ ուսանողներից։ Ու երևի այս գանձումներից էլ «ռեկտորի փայն» է ուզում Ալիկ Ղարիբյանը, կամ էլ ավելի վերին ինստանցիաների փայը (չլինի՞ հանրապետականների կամ նախարարի)։

Նամակն այսքանով դառնում է աբսուրդի թատրոն։ Ինչո՞ւ։ Ավելի պարզ բացատրեմ։ Դեկանները ինչ-որ տեղից փող ունեն, որում իր փայը մի փոքր ավելացրել է Ալիկ Ղարիբյանը։ Ինչ-որ տեղը անհայտ է, բայց գանձումների առկայությունը փաստվում է նամակով։

Մի՞թե այս սխեմայի դեմ է իրականում բողոքում պրոֆեսորադասախոսական կազմը։ Մի՞թե Ալիկ Ղարիբյանը անցել է փայի թույլատրելի ծավալի սահմանը, որը դեկաններին կամ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ստիպել է նման ծայրահեղ ու բոլոր փակագծերը բացող քայլի գնալ։

Ինչքանով է մոտ իրականությանը այս ամենը, մեզանից յուրաքանչյուրի հավատալու կամ չհավատալու բանն է (նամակն անանուն է, հիշեցնում եմ՝ անմեղության կանխավարկածից ելնելով եմ շեշտում)։

Ու ինչի հույս ունեին նամակը շարադրողները։

Չլինի՞ հույսը դրել էին նախագահի գեղագիտական ճաշակի վրա, չլինի՞ մտածում էին, որ հակակոռուպցիոն հաջորդ նիստին նախագահը վարչապետին էր ասելու, վարչապետն էլ՝ Աշոտյանին, Աշոտյանն էլ՝ Արամ Սիմոնյանին, Արամ Սիմոնյանն էլ՝ Ալիկ Ղարիբյանին, թե՝ Տիգրան, սիրուն չի, թե՝ Արմեն, սիրուն չի, թե՝ Արամ (կամ Սիմոնյան), սիրուն չի, թե՝ Ալիկ, սիրուն չի։ Ու համալսարանում գիտխորհրդի նիստ էր հրավիրվելու, ու նիստում ռեկտորը խոսելու էր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, ու համալսարանական լինելու պատիվն ու արժանիքը կրելու մասին, որ նման բան թույլատրելի չէ, մի՞թե մոռացել եք, որ մայրն բուհն է սա, որ մայր բուհի դասախոսներին է տրված կրելու մտավորական լինելու բարձր կոչումը, ու էլի նման բաներ։ Հետո ամոթանք էր տալու դեկաններին, հետո էլ Ալիկ Ղարիբյանին, ու էլի՝ մայր բուհ, համալսարանական, մտավորական լինելու բարձր պատիվ ու կոչում… Հետո բոլորն էլ քվեարկելու էին։ Ի՞նչ էին քվեարկելու։ Դե մի բան քվեարկելու էին, վատագույն դեպքում՝ գանձումների քվոտան (անմեղության կանխավարկածը պահպանվում է – Մ.Յ.)։

Ու լրիվ ոնց-որ խառնվում էր սաղ։

Վարագույր։